Այս էջը հաստատված է

այն նստարանի տակից տեղափոխված է լինում արդեն դասարանի հակառակ անկյունում դրված նստարանի տակ։ Աշակերտներն ավելի ազատ և ավելի ուրախ են սկսում հռհռալ, օր — Նվարդը հուզմունքից քիչ է մնում ուշաթափվի և, երբ լացակումած աչքերը բնազդով դռանն է հառում և տեսնում է գրասեղանի վրա մեծ, ծուռ տառերով գրված «քաչալ Նվարդ» բառերը — այլևս չի կարողանում իրեն զսպել և արագ մոտենալով ուսուցչական սեղանին թուլացած ընկնում է նրա մոտ դրված նստարանի վրա և գլուխը սեղանին դնելով մի փոքրիկ աղջկա նման սկսում է աղիողորմ հեծկլտալ։

Դասարանում տիրում է մեռելային լռություն, որի մեջ օր. Նվարդի խուլ, դառն հեկեկանքները հնչում են ավելի խուլ և ավելի աղի, այնպես որ նույնիսկ Շլդոն, ազդվելով վայրկյանի լրջությունից, նստում է իր տեղը։ Եվ բոլոր աշակերտները մի տեսակ միստիկական դրության մեջ ընկած կամ նայում են վար, իրենց գրասեղանի սև տախտակներին, կամ պաղ, անասնական ահով լցված մանկական աչքերը օրիորդի ցնցվող արմունկներին և կարճ մազերին հառած սպասում են ստեղծված կացության վախճանին։

Մի երկու վայրկյան հեծկլտալուց հետո օր. Նվարդը հանկարծ վեր է թռչում տեղից և թեթև քայլերով, գլուխն ու ամբողջ մարմինը տարօրինակ ցնցելով, վազում է դասարանից դուրս։ Աշակերտները հասկանում են, որ օր. Նվարդը գնում է ուսուցչանոց, տեսչին կանչելու։ «Շլդոյի գլխին տվեք, թող քոռանա» — ասում է մի աշակերտ լռությունը խզելով. «—Տեսուչը որ եկավ, բոլորիս կպատժե» —շարունակում է նրա մոտ նստած ընկերը — նա, որ ամենից շատ էր հռհռում և մտքի մեջ նախանձում էր Շլդոյին։ Եվ ահա Շլդոյի մոտ նստած աշակերտը, տասներկու-տասներեք տարեկան չիլ Մուկուչը ձեռքն արդեն բարձրացնում է վեր, որ իջեցնի Շլդոյի գլխին — Բայց դուռը բացվում է հանկարծ և ներս է մտնում պ. Բյուզանդը՝ զայրացած, ահռելի դեմքով, իսկ նրա ետևից, աչքերը սրբելով, մտնում է օր. Նվարդը — հոգնած ու գունատ։

« — Մկրտիչ Կարապետյա՛ն, դո՛ւրս արի» — ավելի բարձր ձայնով, քան կարելի էր ենթադրել, որ ունի պ. Բյուզանդը, — բղավում է պ. Բյուզանդը դեռ ներս չմտած, նա տեսավ չիլ Մուկուչի բարձրացրած ձեռքը, որը, եթե ինքը մի վայրկյան էլ ուշանար՝ ծանր, պիտի իջներ Շլդոյի գլխին։ Գլուխը կախ, խոնարհ՝ վախից դողացող մարմնով ելնում է չիլ Մուկուչը դուրս։ « — Միսակ Հովհաննիսյան» — ավելի ահռելի ձայնով կանչում է պ. Բյուզանդը. «—Դու ևս