Այս էջը հաստատված է

փակել է խանութը և դռան ապակուն, ինչպես այդ ընդունված է Եվրոպայում, փակցրել է սպիտակ մի թուղթ՝ վրան գրված «Փակ է. գնացել եմ ճաշի»: Այդ քաղաքավարի արարքով նա միանգամից կարողացել է հասնել երկու նպատակի. նախ, որ իր խանութը եվրոպական խանութ է իր բոլոր կողմերով, երկրորդ՝ որ ինքը, որպես իսկական Եվրոպացի, ճաշում է ժամը չորսին: Թեկուզ ոչ մի կոպեկի ապրանք չի կարողացել ծախել պ. Աբոմարշը, բայց գոհ է, որ հնարավորություն ունի և գիտե Եվրոպացի լինել: «Տո՛, գռեհիկ գոմեշ, ի՞նչ ես արևի տակ նստե, էրթանք թուղթ խաղանք» — ասում է նա, մոտենալով ղահվեճի Սեթոյին: « — Նարդի կուզես նե–կխաղամ, թուղթ չեմ խաղար», — պատասխանում է ղահվեճին և, քանի որ Աբոմարշը չի հակաճառում՝ նա նույնպես փակում է խանութը, բայց թուղթ չի փակցնում դռանը, որ գնում է ճաշի — և երկուսով միասին գնում են Տելեֆոն Սեթոյի սրճարանը — նարդի խաղալու:

Երբ նրանք, թև-թևի տված, ձանձրույթից փրկվածների գոհունակությամբ մտնում են Տելեֆոն Սեթոյի սրճարանը` այնտեղ հանդիպում են մի շարք հարևանների, որոնք նույնպես թուղթ, դոմինո կամ նարդի են խաղում նայած տրամադրության: Դագաղագործ Ենոքը և Կինտաուրի Սիմոնը նախընտրել են թուղթը և երկուսով «փաստոն» են խաղում ձմերուկի վրա. ով որ տարվի– մի ձմերուկ գնի: Նրանց գլխին հավաքվել են՝ Հաջի Օնիկ Մանուկոֆ էֆենդին, մանրավաճառ Պողոս Կոլոպոտյանը, Կաթոլիկ Սիմոնը, գինեվաճառ Նիկոլ Արզումանովը և իրենց տաք բացականչություններով մասնակցում են նրանց խաղին ու մի առանձին հետաքրքրության մթնոլորտ են ստեղծում Սեթոյի սրճարանում: Նրանց այդ ոգևորված հավաքույթը տեսնելով ղահվեճի Սեթոն և պ. Աբոմարշը ևս, մոռանալով իրենց նարդի խաղալու ցանկությունը, միանում են նրանց:

Երբ օրն սկսում է կամաց-կամաց մթնել` հերթով, իրար ետևից, սկսում են փակվել Լորիս-Մելիքյան փողոցի ցածլիկ խանութները: Ամենից առաջ դագաղագործ Ենոք Կարապետյանն է փակում իր խանութը ներսից, և ինքը մնում է խանութում: Այդ հարգելի նաիրցին տուն չունենալու պատճառով քնում է իր գործատեղում, իր շինած դագաղներից մեկում. այդ բանն ամբողջ քաղաքը գիտե և ահա հենց այդ է պատճառը, որ նրան քաղաքում անվանում են Մեռելի Ենոք, իսկ երեխաները վախենում են նրանից և չեն սիրում անցնել դագաղագործի խանութի առաջից: Երկրորդ խանութպանը ղահվեճի