Այս էջը հաստատված է

Սեթոն է, որ փակում է իր խանութը և նույնպես ընտանիք չունենալու պատճառով` գնում է քաղաքային այգի զբոսնելու և հարսնացու ընտրելու: Հետո Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆն է իր խանութը փակում — և ահա նրանից հետո բոլորը, իրար ետևից խանութները փակելով, գնում են` որը տուն, որը քաղաքային այգի, որն էլ նորից Տելեֆոն Սեթոյի սրճարանն է գնում, որ երեկոյան հանգիստն այնտեղ վայելե — թղթախաղով, կամ ուրիշի խաղին նայելով: Եվ այսպես փողոցը կամաց-կամաց սկսում է բոլորովին ամայանալ. մութն էլ անդեմ ու անխորհուրդ, ծույլ, հորանջող պառավի մի նման, իջնում է ու նստում փողոցների վրա և տեղ-տեղ տարտամ, վախկոտի աչքերի պես թարթող կրակներն են միայն ենթադրել տալիս, որ այդտեղ դարերից ի վեր ապրում է ու զվարճանում նաիրյան մի քաղաք: