Սույն այս վեպիս առաջին մասում ես փորձեցի պատկերել նաիրյան այդ քաղաքն իր բոլոր հին ու նոր հրաշալիքներով, ջանացի տալ նրա բնակիչների կենցաղը, կամ, ավելի լավ է ասել— կենցաղային կոլորիտը, ընդհանուր գույնը միայն, և ո՛չ թե մանրամասնը— այնպես, ինչպես տեսել եմ նաիրյան այդ քաղաքը ես, ինչպես պատկերացել է նա ինձ, այդ քաղաքը ճանաչողիս։ Սրտի անհուն թրթիռով ես ձեռնամուխ եղա նրա նկարագրությանը, սիիելի ընթերցող, որովհետև սիրելի է նա ինձ, որպես մանկության օրորան, և ծանոթ են նրա բնակիչներն ինձ, ինչպես հինգ մատս, կամ այս գրիչս, որով գրում եմ հիմա։ Կրկնում եմ, սրտի բուռն տրոփով սկսեցի գրել նաիրյան այդ քաղաքի պատմությունը, բայց հիմա, երբ ուզում եմ անցնել նրա հետագա օրերին ու դեպքերին, պատկերել նրա օրերն ու վաստակները— դառն, ծանր մի մորմոք թանձրանում է սրտիս, ուտում է սիրտս։ Մի անգամ չգիտեմ շուկա՞ էի գնում, թե վերադառնում էի շուկայից, երբ անհեթեթ մի պատկեր գրավեց ուշադրությունս։ Փողոցի մեջտեղով գնում էր բավականին տարիքոտ, միջահասակ մի մարդ, որ արտաքինով նման էր գավառցի վարժապետի, կամ փոստ-հեռագրային ցրիչի, և, գլխի վրա դրած, տանում էր— երևակայո՞ւմ եք— դեղնավուն մի դագաղ։ Անձրև էր, ցեխոտ փողոց, ցեխը հարիսայի նման ճպճպում, կպչում էր ոտքերին. և այդ մարդը ահա, գավառցի այդ վարժապետը կամ ցրիչը, տանում էր, գլխի վրա դրած, իրենից շատ ավելի ծանր և մեծ մի դագաղ։ Դեմքը չէր երևում, բայց մեջքի և ծնկների լարված կորությունը խիստ արտահայտիչ կերպով ցուցադրում էին, որ նա դժվարությամբ է տանում այդ բեռը, բայց, ինչ գնով էլ լինի, ուզում է
Էջ:Երկիր Նաիրի.djvu/53
Այս էջը հաստատված է
Հնամյա, հին մի երազ,
Երկիր մի՝ դարերի ուրու...
Ե. Չ. «ԱՄԵՆԱՊՈԵՄ»