Այս էջը հաստատված է

տեղ հասցնի, միայն թե հասցնի։ Երևի մայրն էր մահացել, կամ կինը, կամ որդին—ո՞վ իմանա։ Նա լարել էր ուժերը, դագաղի ծանրությունից կզակը կպել էր կրծքին. մեջքը չէր կարողանում միևնույն կորությամբ պահել, այնպես որ դագաղը, մերթ առաջ, մերթ ետ կշռվելով, քսվում էր ցեխերին։ Ինչի՞ համար էր այդպես նա չարչարվում, ինչի՞ պիտի հանդիպեր այդ խեղճ վարժապետը տեղ հասնելիս...— Մի սիրած— դե՛, եթե ոչ սիրած, գոնե հարազատ մեռելի, որին նո՛ւյն այդ դագաղը դրած պիտի հանձներ հողին— ահա թե ինչո՞ւ էր այդպես անմխիթար, այդպես անօգնական ջանքերով, դագաղը նվացող ողնաշարին հպած, դեպի տուն շտապում այդ տխուր վարժապետը... Այդպես էլ ե՛ս, ընթերցո՛ղ, ճի՛շտ այդ վարժապետի նման.— ո՞ւր եմ գնում։ Ինչո՞ւ եմ հպել— բայց ո՛չ թե ողնաշարիս, այլ գանգիս ուղեղին ղագաղանման այս բեռը, և ուզում եմ տեղ հասցնեմ... ո՞ւր։ Եվ մի՞թե այնտեղ, տքնությանս վերջում, որպես նվիրական, սիրելի մի մեռել— չպիտի՞ պատկերանա ինձ Երկիրը Նաիրի, որին դամբանելու համար տանում եմ ես ահա խոհերիս տողաշար դագաղը— տանում եմ կամքիս հակառակ, որովհետև, այո, հարկավոր է տանել։ Չէ՞ որ, այո՛— թաղել է հարկավոր բոլոր մեռելներին, որքան էլ նրանք սիրելի և հարազատ լինեն, չէ՞ որ, միևնույն է, հակառակ դեպքում կքայքայվեն նոքա՝ զազրելի և ախտաբույր, այնպես որ անգամ սիրահարը կզզվի պաշտելի աճյունից։ Թողնենք, ուրեմն, մի կողմ լիրիկական զեղումը, սիրելի ընթերցող, և անցնենք նաիրյան այդ քաղաքի օրերին և դեպքերին։ Եվ թող բացվի մեր դեմ օրերի և մարդկանց «վաստակոց և մեծագործությանց» խորհուրդում «երկիրը հազարամյա»— հնամյա Նաիրին...

Վեպիս առաջին մասում, ինչպես ասացի, ես ձգտեցի պատկերել կենցաղային այն բնույթը, երանգը, որ ուներ նաիրյան այդ քաղաքը «խաղաղ ժամանակ»։ Ուժերս ներածի համեմատ՝ ես նախ նկարագրեցի քաղաքը՝ հին ու նոր հրաշալիքներով, և ապա անցա բնակիչներին, որոնց ամեն մեկի մասին այնքանը միայն կարողացա ասել, որքանի որ, գուցե, արժանի են նրանք։ Գուցե դու կուզեիր, սիրելի ընթերցող, որ ես, եվրոպական անվանի հեղինակներին հետևելով, մանրամասն վերլուծության ենթարկեի «հերոսներիս» հոգեբանությունը, մանրազնին պատմեի, թե ինչպիսի նրբին «ապրումներ» էր ունենում, ասենք, Գեներալ Ալոշը, երբ նահանգապետն իջևանում էր նրա հոյակապ բնակարանը, կամ, ասենք, հոգեկան ի՞նչ