Այս էջը հաստատված է

ալեկոծումներ ունեցավ քաղաքային բժիշկ Սերգե Կասպարիչը կնոջը թաղելիս… Բայց այս առթիվ ես, մի անգամ ընդմիշտ, հարկադրված եմ ասել, որ սույն իմ այս վեպում չկա և երևի չի էլ լինելու և ո՛չ մի «հերոս»— և այս տխուր հանգամանքում, կարծում եմ, ո՛չ թե ես եմ մեղավոր, այլ նաիրյան այդ քաղաքը, որովհետև— ի՞նչ, ի՞նչ «հերոսներ» կարող են դուրս գալ, ասենք, Գեներալ Ալոշից, կամ Համո Համբարձումովիչից—Մազութի Համոյից... Գուցե Մեռելի Ենո՞քը հարմար «հերոս» լիներ, կամ Կինտաուրի Սիմո՞նը, կամ, վերջապես— Տելեֆոն Սեթո՞ն... է, թողնենք այս հարցը, սիրելի ընթերցող, և անցնենք, քանի շուտ է, մեր ընտրած քաղաքի «օրերին ու վաստակներին» և, ո՞վ գիտե, կարող է պատահի, որ դեպքերի բերումով այդ աննշան քաղաքի աննշան բնակիչներից շատ շատերը հանկարծ դուրս գան հերոսապանծ հերոսներ— դժբախտ ու հերոսական օրերի բերումով՝ դժբախտանան ու հերոսանան...

...Իսկ դժբախտ օրեր շատ անցան հետագայում ինչպես այդ քաղաքի, նմանապես և ամբողջ Նաիրիի գլխից– և չէ՛ին, չէ՛ին կարող, այո, այդ դժբախտ օրերը չծնել անձնավորություններ՝ դժբախտ ու հերոսական։ Չէ՛ր կարող, օ, ո՛չ այդ դժբախտ օրերի, տարիների հրից, չելնել, հերոսական, չհառնել, պայծառ ու սրբացած— Նաիրյան Ոգին։

Ինչպես այսօրվա ճաշս, սիրելի ընթերցող, ես հիմա ամենայն մանրամասնությամբ հիշում եմ պատմական այն օրը— 1914 թվականի հուլիսյան կիրակիներից մեկը— նաիրյան այդ քաղաքում։ Սույն այս վայրկյանիս, երբ ես մտադրություն ունեմ մանրամասն նկարագրել այդ նշանավոր օրվա անցուդարձը— տարիների մշուշից, կամ, ինչպես բանաստեղծը կասեր, տարիների մռայլ մոխիրների տակից ելնում են ահա և նկարվում են աչքերիս առաջ այն նշանավոր օրվա դեպքերն ու պատկերները։ Պարզ, որոշ, կարծես այդ ամբողջը երեկ, կամ մի ժամ առաջ կատարված լինի– ես տեսնում եմ ահա Մազութի Համոյին՝ քաղաքային այգու ակումբի առաջ, թղթախաղի կանաչ սեղանի վրայից, ճառ ասելիս... Պարզ, որոշ, կարծես թե հիմա, սույն այս վայրկյանիս կատարվելիս լինի— ես լսում եմ ահա Մազութի Համոյի հատու ձայնը, Մազութի Համոյի հզոր առոգանությունը։ Խավարի, այո, սենյակիս գիշերային խավարի միջից նայում են ահա ինձ Համո Համբարձումովիչի կայծկլտող աչքերը և սիրտս թպրտալ է սկսում անորոշ մի հուզմունքից, սիրտս, տագնապալից,