զարկել է սկսում, ինչպես էլեկտրական զանգի արծաթազօծ լեզվակ։ Եվ երևակայությունս առաջ վազելով, արդեն նկարում է, անողոք դահիճի մի նման, Մազութի Համոյին՝ փայտե մի մանեկենի նման կախաղանից կախված... «Խե՛ղճ, խե՛ղճ Համո...» — փսփսում է սիրտս, լացակումած — և ես գրիչս ցած եմ դնում, որ սիրտս հանգստանա, և ես հնարավորություն ունենամ պատմությունս շարունակելու։
Ծույլ, խաղաղ, կիրակնօրյա իր հանգիստն էր վայելում նաիրյան այդ քաղաքն այդ առավոտ։ Ծլնգում էր Առաքելոց եկեղեցու զանգը՝ խաղաղ ու անվրդով։ Ով սիրում էր աղոթքը — գնացել էր եկեղեցի, բայց քաղաքացիների մեծ մասը այգում էր գտնվում, կամ նստած փակ խանութների առաջ զբաղված էր առօրյա զրույցով։ Կային էլ մարդիկ, որ հավաքվել էին Տելեֆոն Սեթոյի կամ Եգոռ Արզումանովի սրճարաններում։ Կային էլ, որ հավաքվել էին այգու ակումբում։ Ակումբում այդ օրը հավաքվել էին՝ քաղաքային բժիշկ Սերգե Կասպարիչը, Օսեփ Նարիմանովը — հաշտարար դատավորը, Արամ Անտոնիչը-դպրոցի տեսուչը, պ. Մարուքեն, Կինտաուրի Սիմոնը, որ սիրում էր «մեծերի հետ նստել», անգլիագետ վաճառական Հաջի Օնիկ Մանակոֆ էֆենդին և էլի մի քանի քաղաքացիներ — թուղթ էին խաղում։ Խաղում էին — «պրաֆերանս, «մակաո», «բակարա» — սիրում էին խաղալ։ Խաղում էին, ըստ սովորության, լուռ ու հանդիսավոր, մերթընդմերթ միայն «փաս», «28», «տալիա» և նման բացականչություններով խզելով լռությունը։ Բայց, չնայած խաղի մեջ գլխովին ընկղմված լինելուն, խաղընկերներից շատերը, ինչպես, մանավանդ, Սերգե Կասպարիչը և Օսեփ Նարիմանովը, լավ չէին զգում իրենց, նրանց թվում էր, որ «փչում է», չնայած հուլիսյան հաճելի եղանակին։ Շուտ-շուտ դռանն էին նայում, կամ պատուհանին։ Բանն այն է, որ պակասում էր սովորական մի «բան», որին ընտելացել էին բոլորը — եթե միայն «բան» կարելի է ասել կենդանի և այն էլ պատկառելի մարդուն։ — Պակասում էր Գեներալ Ալոշը։ Առանց նրան կյանք չկար ակումբում, մանավանդ որ, նրա հետ մեկտեղ, պակասում էր նաև ակումբի «երկրորդ հոգին» — ակումբի կենտրոնը — Մազութի Համոն։ Դեռ խաղն սկսելուց առաջ Օսեփ Նարիմանովը հարցրեց, այսինքն ոչ. — ակումբ մտնելով, ըստ իր մշտական սովորության, Օսեփ Նարիմանովն ուրախ բացականչեց — «Խորի՜ն հարգանքներս Ալյոշա Նիկիտիչին...» — բայց պատասխան չստացավ այն հասարակ պատճառով, որ Ալյոշա Նիկիտիչը