Այս էջը հաստատված է

որ ոչ ոք, չնայած որ ամենքն էլ զգում էին նրա բացակայությունը, չպատասխանեց նրան։ Բժիշկ Սերգե Կասպարիչը միայն աչքերը կրկին դեպի պատուհանը հառեց, ուզեց ասել կարծես, որ «փչում է» այնտեղից, բայց գլխի ընկավ, որ այդ չէ անհանգստության պատճառը, և, լուռ, շարունակեց խաղալ։

Եվ ահա, ցերեկվա ժամը մոտավորապես տասներկուսին, շնչասպառ ներս ընկան Գեներալ Ալոշը և Համո Համբարձումովիչը– Մազութի Համոն։ Ռումբի պես ներս ընկան Գեներալ Ալոշը և Մազութի Համոն, արագ մոտեցան սեղաններին, խառնեցին թղթերը — թափեցին հատակին... Բոլորը վեր թռան տեղերից զարմացած ու ապշած։ Իսկ Կենտաուրի Սիմոնը, չնայած որ բոլորից շատ էր տարվել և ավելի մեծ առիթ ուներ բարկանալու — ինքը ևս, անակնկալի եկած, կարծելով, երևի, որ հարբած են «տղերքը»–վեր նետեց թղթերը, ոտքի թռչելով, և բացականչեց, հիմարացած. — Ուռա՛ ուռ ա՛ա՛, ուռա՛ա՛ա՛...

— Ի՞նչ է, ցնդե՞լ եք, գասպադա, — զայրացած բացականչեց բժիշկը՝ ձեռքը սեղանին խփելով. — Ի՞նչ է պատահել։

Եվ դեռ չէին կարողացել ուշքի գալ մյուսները, երբ Համո Համբարձումովիչը ձեռքը վեր բարձրացրեց, նշան անելով, որ լռեն, և —

— Պատերազմ. — հայտարարեց Համո Համբարձումովիչը կիսաձայն — ու տիրեց լռություն ակնածանք ու զարմանք։

Գեներալ Ալոշը ևս ցանկանում էր ինչ-որ բան ասել, ձեռքը վեր բարձրացրեց, բայց տիրած լռությունից ազդված լռեց ու մնաց։ Արամ Անտոնիչի աչքերը հառած մնացին Գեներալ Ալոշի վեր տնկած ձեռքին։ Հիմարային մի ժպիտ վախեցած քարացավ Կինտաուրի Սիմոնի — Կլուբի մեյմունի դեմքին։ Սերգե Կասպարիչը ձեռքը շրթունքներին տարավ և, մեքենայաբար, ինչպես այդ պատահում էր բժշկի հետ ընդունելության պահերին` չոր, պաշտոնական հազաց։ Հետո Գեներալ Ալոշը և Մազութի Համոն պատմեցին եղելությունը, ինչպես որ գիտեին։ Բանից դուրս եկավ, որ առավոտյան ժամը յոթին-ութին, երբ Համո Համբարձումովիչը դեռ քնած է լինում, ոչնչից տեղեկություն չունենալով — գալիս հայտնում են, որ գավառապետը խնդրում է իսկույն իր մոտ անցնել մի չափազանց կարևոր գործով։ Խնդրում է, որ Ալյոշա Նիկիտիչին ևս վերցնի։ Իսկույն հագնվում և Ալյոշա Նիկիտիչի բնակարանն է վազում Մազութի Համոն։ Միասին գնում են գավառապետի բնակարանը։ Վերջինս,