Հաջորդ օրը, երկուշաբթի, բոլորը, ինչպես միշտ, արթնացան առավոտ մութլուսուն և գնացին գործի: Ոչինչ չէր փոխվել, ոչինչ չէր կատարվել, եթե միայն փոփոխություն չհամարենք այն հասարակ հանգամանքը, որ Գեներալ Ալոշը, Մազութի Համոն և ընկերները այդ առավոտ մի փոքր հոգնած էին զգում իրենց, մի փոքր կոտրված, ինչպես այդ լինում էր սովորաբար լավ քեֆերից հետո։ Իսկ քաղաքացիների մեծ տոկոսին, մանավանդ առևտրական փողոցի գործնական ներկայացուցիչներին, այնպես էր թվում, թե պատերազմի մասին երեկ, կիրակի օրը եղած բոլոր զրույցները ոչ այլ ինչ էին, եթե ոչ— կիրակնօրյա ներելի հանաքներ, անցավ կիրակին, եկավ երկուշաբթին՝ բավական է, թույլ տվեք զբաղվենք հոգսերով։ Իհարկե, խոսում էին մեկ-մեկ և պատերազմի առթիվ, բայց խոսում էին այնպես, ի միջի այլոց, որպես իրենց չվերաբերող մի բանի մասին։ Այդպես էր— առաջին, երկրորդ, երրորդ օրը, այդպես էր առաջին շաբաթվա ընթացքում, բայց կամաց-կամաց հեռու պատերազմն սկսեց նկատելի դառնալ նույնիսկ նաիրյան հեռու այդ քաղաքի, այո, ամեքն ինչում— և նույնիսկ մանրածախ Կոլոպոտյանը և Մեռելի Ենոքն սկսեցին զգալ իրենց շրջապատում անսովոր մի մթնոլորտ, անհասկանալի մի փոփոխություն։ Բայց օրերում ու ժամանակներում պատերազմը հայտարարվելու առաջին իսկ վայրկյանից կատարված փոփոխությունը բոլորից առաջ պ. Մարուքեն զգաց նաիրյան այդ քաղաքում և այն էլ հենց երկրորդ օրը, երկուշաբթի առավոտ— և ահա՛ թե ոնց։
Երբ, ըստ իր ամենօրյա սովորության (իսկ պ. Մարուքեն բացի իր այս միակ սովորությունից չուներ, ընդհանրապես, և ո՛չ մի սովորություն)— վարսավիր Վասիլի վարսավիրանոցը մտավ և, նստելով դեղնավուն հայելու առաջ, դեմքը, հլու, հանձնեց վարսավիրի թավ, կակուղ խոզանակին պ. Մարուքեն— վարսավիր Վասիլը, սապոնոտ խոզանակը թեթև սահեցնելով պ. Մարուքեի այտն ի վար՝ հարցրեց․ «էրեկ էդ ի՞նչ էր, պ. Մարուքե. տեսա՞ր Մազութի Համոյին... Օձի՛ պես կխոսեր անիծածը»։ Պ. Մարուքեն չպատասխանեց։ Տրամադրությունը վատ էր՝ գիշերը չէր քնել։ Երեկոյան յոթից մինչև գիշերվա երեքը պրաֆերանս էր խաղացել այգու ակումբում Արամ Անստնիչի, Կենտաուրի Սիմոնի և էլի սատանան գիտե, թե ում հետ («շեֆերը» չկային· նրանք, ինչպես գիտենք, ճաշի էին հրավիրվել գավառապետի բնակարանը, և այդ ճաշը, անհասկանալի