Այս էջը հաստատված է

«Հետո կուգամ» — նետեց վարսավիրին Հաջին, շուռ եկավ, առանց ետ նայելու և պ. Մարուքեի համաձայնությունն առնելու դուրս եկավ վարսավիրից: Պ. Մարուքեն, առանց երկար մտածելու, հետևեց նրան, իսկ վարսավիր Վասիլը զայրացած, զարմացած հայացքը նրանց կռնակներին հառած՝ մնաց մի երկու վայրկյան սապոնոտ խոզանակը ձեռքին, ապա՝ երբ նրանք անհետացան, — «Թյու, նալլաթ կարողությանդ, մա՛րդ» — թքեց, ի խորոց սրտից, վարսավիր Վասիլը Հաջու հասցեին. հետո մոտեցավ լվացարանին, լվանալով սապոնոտ խոզանակը, սկսեց շվացնել «Ախ զաչեմ էթա նոչ» «մոդնի» երգը:

Մանր, չոր, հատու քայլերով, կարծես երկու ձեռնափայտ էին խփում մայթին — գնում էր առաջից, առանց ետ նայելու, Հաջի Մանուկոֆ էֆենդին: Ուրախ մտածում էր Մանուկոֆ էֆենդին, որ լավ ազատվեց «ուշազբաղ պերպեր»-ից: Ոչ թե սափրվելու նպատակով մտավ վարսավիր Վասիլի խանութը Հաջի Օնիկ էֆենդին, օ, ո՛չ. նա շաբաթը մի անգամ էր ածիլվում և այն էլ շաբաթ օրերը, — նրա նպատակն էր իր նորելուկի մասին վարսավիրին հայտնելը. «Պերպերի լեզու — բաղանիքի դուռ» — մտածում էր Հաջին, և նա, իհարկե, իրավունք ուներ: Պ. Մարուքեի մասին, որին հրավիրել էր ինքը մի բաժակ սուրճի, մոռացել էր բոլորովին: Բայց պ. Մարուքեն նրան չէր մոռացել: Մտածում էր, նրա ետևից հազիվ հասնելով, պ. Մարուքեն, որ եթե բարեհաճի Հաջին փոխարինաբար տալու հարկավոր գումարը — փրկված կլինի, հակառակ դեպքում... Պ. Մարուքեն չգիտեր, թե ի՞նչ կարող է լինել հակառակ դեպքում:

Հաջի Մանուկոֆ էֆենդին, խանութը հասնելով, կանգնեց. կտրուկ շուռ եկավ դեպի պ. Մարուքեն: Պ. Մարուքեն, որ, մտազբաղ, դեռ փոխում էր քայլը առանց դեմը նայելու — գլուխը թափով խփեց Հաջի Մանուկոֆի դեմքին, ռեզինե գնդակի նման ետ ցատկեց, շփոթված, պ. Մարուքեն:

— «Յավա՜շ է, յավրում, ի՞նչ էղավ քեզի» — բացականչեց Հաջին, բարկացած. ապա. — «Գնա՛ Սիմոնին ըսե ղահվե մը հրամցնե հաշվուս, ես ժամանակ չունիմ, ներող կըլլաս» — ասաց նա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, դուռը բաց արավ արագ, մտավ — և դուռը ետ խփեց պ. Մարուքեի քթին:

Հասկացավ պ. Մարուքեն, որ հույս չկա: «Թու՛» — թքեց պ. Մարուքեն, վարսավիր Վասիլի նման, էֆենդու հասցեին: Եվ քայլեց... ու՞ր: