ձեռք դոմինո խաղալու, Մեռելի Ենոքը, բայց մեծ եղավ զարմանքը, երբ տեսավ, որ Քոռ Արութը սրճարանում չկա։ Կարծեց թե դուրս է գնացել, սպասեց, սպասեց— բան դուրս չեկավ. Քոռ Արութը չկար։ Տելեֆոն Սեթոն էլ, դե, առաջվանը չէր. նրա սրճարանը ավելի քան լիքն էր լինում հիմա, դժվարանում էր հարցնի։ Վատ զգաց իրեն Մեռելի Ենոքը, սիրտը պայթում էր սրտմտությունից, այնպես որ չկարողացավ համբերել, մոտեցավ հարցրեց։ «Գործի եմ դրե վակ– զըլի մեյդանը»— եղավ Տելեֆոն Սեթոյի պատասխանը, «չայ կծախե»։ Չհասկացավ առաջին վայրկյանին Մեռելի Ենոքը, բայց մտաբերեց կայարանը, հիշեց, հիշեց վակզալի մեյդանը։ Սուսուփուս դուրս եկավ Սեթոյի սրճարանից ու շտապ քայլերով դիմեց կայարան։ Գնում էր, խոշոր քայլերով, հևիհև վազում֊ էր փողոցի մեջտեղից Մեռելի Ենոքը. հրում էին նրան, հայհոյում էին երբեմն, երբ դիպչում էր նրանց, բայց ուշադրություն չէր դարձնում, գնում էր գլուխը կախ և ձեռքերը թափահարելով։ Երկար, սև, խունացած չուխի առանց այդ էլ բորբոսնած փեշերը քսվում էին փողոցի փոշուն, ավլում էին փողոցը, նա գնում էր անկանգ, Լիր Արքայի նման սրտում դառնություն ու կսկիծ՝ Մեռելի Ենոքը գնում էր կայարան։ Վերջապես նա հասավ կայարան և նո՞ր գլխի ընկավ կարծես, որ նրա դիմացը գտնվող նախկին ամայի տարածությունը դարձել է արդեն— բազար, դարձել է, ինչպես Տելեֆոն Սեթոն հորջորջեց— «Վակզըլի մեյդան»։ Նույն խոշոր քայլերով մտավ վակզալի մեյդանը Մեռելի Ենոքը և այն է, դեռ նոր էր սկսել, դեռ նոր էր ուզում փնտրել իր ընկերոջը՝ Քոռ Արութին, երբ մեկը քաշեց նրա փեշից։— «Պաշո՛լ, հայվարա»— կարծելով, որ ռուս զինվորներն են չուխիցը քաշում, հայհոյեց Մեռելի Ենոքը բարկացած, բայց... «Ե՛ս եմ, մա՛րդ Ասսու, հաչք չունի՞ս»— լսեց Քոռ Արութի ձայնը— և շուռ եկավ դեպի նա։ Ու մնաց, արձան կտրեց՝ տեղնուտեղը քարացավ Մեռելի Ենոքը տեսած տեսարանից։ —Փոքրիկ մի սեղան, առաջին կանգնած թեյ էր լցնում թիթեղե թեյամանից Քոռ Արութը. կողքին մի ռուս զինվոր պարզել էր ձեռքը, որ վերցնի։ «Յա՛, տո. գործի՞ ես էղե, Հարո՜ւթ...»— բացականչեց Մեռելի Ենոքը՝ հայացքը, պուշ. Քոռ Արութին հառած։— «Հա՛, ի՞նչ էնենք, Ենոք ջան, յավաշ-յավաշ փարա կաշխատինք, ի՞նչ կա օր...»— կարծես արդարանալով, կարծես պարծենալով պատասխանեց Արութը. սկսեց դեմը դրած բաժակները մաքրել։ Նայե՜ց-նայե՜ց, կոտրած ժպիտը դեմքին, իր նախկին խաղընկերոջը Մեռելի Ենոքը, մի երկու կցկտուր հարցուփորձ արավ
Էջ:Երկիր Նաիրի.djvu/71
Այս էջը հաստատված է