Այս էջը հաստատված է

կռնակի վրա, ինչպես հայտնի է արդեն քեզ, սիրելի ընթերցող, «Դառնության կենտրոնից» հիշատակ էին մնացել հետաքրքիր հետքեր։ Ընկ. Վառոդյանն էլ, իր հերթին, վերևից էր նայում այդ «եվրոպացի ավանակ Գրաստամատյանին», որի պատմական ազանվան սկզբնատառը այդպես անբարեխղճաբար փոխելով՝ բավականին զվարճություն էր պատճառում ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին։ Բայց ընկ. Վառոդյանի նման, ոչ այնքան էլ բարյացակամ, վերաբերմունքը դեպի պ. Մարուքեն բխում էր ոչ թե անձնական, այլ ավելի քան օբյեկտիվ, հասարակական պատճառներից, բանն այն է, որ պ. Մարուքեն երբեմն թույլ էր տալիս իրեն բավականին երկիմաստ հայտարարություններ անել «Ընկերության» հասցեին, ահա՜ թե ինչ... Այս բանը նրան ոչ միայն ընկ. Վառոդյանը, այլև Կլուբի Մեյմունն անդամ չէր կարողանում ներել, թեկուզ նա, այդ կոշկակար Սիմոնը, ոչ թե անդամ էր «Ընկերության», այլ սոսկական համակրող։ Եվ ինչպե՞ս էր համարձակվում պ. Մարուքեն—ահա՜ զարմանալին, ո՞վ, ո՞վ չգիտեր, որ ավելի հեշտ էր «Մութ սենյակում» հայհոյանք շպրտել «Նիկոլի» հասցեին, քան, անգամ երազում, անբարյացակամ վերաբերմունք ցուցահանել դեպի «Ընկերությունը»։— «Ընկերությունը», ինչպես առաջին մասում առիթ ունեցանք ասելու, «Կենտրոն» էր, և այն էլ— «Դերկենտրոն»։ Եթե դու ցանկություն ունես, սիրելի ընթերցող, թեկուզ ամենահեռավոր, ամենանսեմ կերպով պատկերացնել այդ «Կենտրոնը»—երևակայի՛ր հետևյալը։—Ինչ-որ անհայտ մի տեղ, մի տեղ, որի ուր լինելը ոչ ոք, նույնիսկ ընկ. Վառոդյանը չգիտե. նաիրյան, չինական, կամ, ո՞վ գիտե, կարող է պատահել, որ ասորաբաբելական իքս, իգրեք, զեթ— Անհայտ քաղաքում, քաղաքի ծայրամասում, կենտրոնում, կարող է՝ գերեզմանատանը— մի խոսքով՝ այնպիսի մի տեղում, որի գոյությունն անգամ կասկածի է ենթարկվում— կա, գոյություն ունի— չգիտեմ, ինչպե՞ս ասեմ, որ գլխի ընկնես—նո՜ւ, անհայտ մի սենյակ, կամ խցիկ, կամ ներքնահարկ։ Այդտեղ, այդ ներքնահարկում ահա, որի ուր լինելը, ինչպես ասացինք, ո՛չ մի մարդ չգիտե— ապրում է հսկայական մի սարդ, աներևույթ մի սարդ, սարդանման ուղեղ։ Եվ այդ սարդը ահա, սարդանման այդ ուղեղը, իր անհայտ տեղից, իր այդ անորոնելի բնակարանից պարզում է իր ճանկերը, այնտեղից սկսած՝ հյուսում է իր ոստայնը, կուռ, հյուսում է անողոք։ Պարզում է իր ճանկերը, թելավոր, դեպի քաղաքները նաիրյան, դեպի ուղեղները, սրտերը, կամքերը նաիրյան.— պարզում է—Մուշ, Բիթլիս, Դիարբեքիր.