Այս էջը հաստատված է

կռնակի վրա, «շոմպոլի» կապո՜ւյտ-կապո՜ւյտ հետքերի ձևով, ստացել էր ընկ. Վառոդյանը «Դառնության Կենտրոնից»։ Այսպիսի պատկառելի հեղափոխական անցյալից հետո դժվար էր, իհարկե, գործ ունենալ ընկ. Վառոդյանի հետ, մանավանդ որ վերջերս նա կամաց-կամաց ավելի ավելի խոշոր ուշադրության էր սկսում արժանանալ Կենտրոնաուղեղասարդի տեղական գլխավորաթելի —Համո Համբարձումովիչի —Մազութի Համոյի կողմից։

Եվ, այստեղ ևեթ հարկավոր է ասել, որ հենց այդ օրերից է, որ սկսեց սարն ի վեր բարձրանալ ընկ. Վառոդյանը, հետագայում նաիրյան այդ քաղաքի կյանքում այնքան խոշոր դեր խաղացող ա՛յն ընկ. Վառոդյանը, որը, վերջ ի վերջո, ոչ այլ ինչ էր, եթե ոչ խղճուկ մի վարժապետ, «նաիրյան մի բթամտություն».—ինչպես ասում էր պ. Մարուքեն։ Ինչո՞վ, ինչո՞վ նա Մազութի Համոյի աչքը մտավ —աստված ինքը գիտե, բայց փաստը մնում է փաստ, որ, այս օրերից սկսած, նա ավելի խոշոր մասնակցություն ունեցավ քաղաքի անցուդարձում, քան ինքը Սերգե Կասպարիչը, բժիշկը —այդ երկրորդ, կամ ավելի լավ է ասել —աջ ձեռքը Մազութի Համոյի։ Ես էլ չեմ խոսում Օսեփ Նարիմանովի —Համո Համբարձումովիչի ձախ ձեռքի մասին, որը կամաց-կամաց, դեպքերի զարգացման ընթացքում, համարյա թե կորցրե՛ց իր ամբողջ նշանակությունը։ Այս հանգամանքն ավելի զարմանալի կթվա, եթե ասեմ, որ նախքան այդ, ինչպես Սերգե Կասպարիչը, այնպես էլ Օսեփ Նարիմանովը «Կենտրոնից» նշանակված անդամներ էին Տեղական Կոմիտեում, որի նախագահն էր, ինչպես արդեն գիտենք, մինչև վերջը մնաց —Մազութի Համոն։ Սա նշանակում է, որ, ինչպես բժիշկը, այնպես էլ հաշտարար դատավորը, երկուսն էլ՝ Մազութի Համոյի հետ հավասարապես ենթակա էին Կենտրոնասարդի անմիջական, այո՛, տատանումներին՝ ուղեղահրահանգներին. իսկ ընկ. Վառոդյա՞նը... Նա ի՞նչ էր որ. նա իսկի էլ կարծես գոյություն ունենալիս չլիներ առաջներում։ Ինչքա՜ն, ինչքա՜ն էր պատահել, երբ նա, ընկ. Վառոդյանը, կարծես թե պատահմամբ, մտել էր Մազութի Համոյի գրասենյակը, երբ այնտեղ «նիստի» են նստած եղել Տեղական Կոմիտեի «Երեքը». և ի՞նչ. պատահում էր հետևյալը. նա, ընկ. Վառոդյանը, հազիվ էր կարողանում գլուխը ներս խոթել, երբ բժիշկը, միշտ այդ մեծամիտ բժիշկը, բարձրացնում էր քիթը վեր, հոտոտում էր օդը՝ նայելով ընկ. Վառոդյանի դեմքին, —«ներողություն» —ասում էր բժիշկը կիսաժպիտ, որից հետո զսպանակի նման դռնից դուրս էր թռչում ընկ.