Այս էջը հաստատված է

Վառոդյանի գլուխը ու մնում էր դռան, փակ դռան հետևում՝ որսորդական բարակի նման ներսի շշուկներին ունկնդիր: Այսպես էր, այո՛, առաջներում. բայց հետո... Հետո ընկ. Վառոդյանը դարձավ նշանավոր գործիչ, պատկառելի անձնավորություն շա՜տ, շա՜տ անգամներ առիթ ունեցան բժիշկ Սերգե Կասպարիչը և հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը նրա ընդունարանի առաջ հերթի սպասելու...

Բայց ների՛ր, ընթերցող, որ ես պատմությանս թելը բավականին խճճեցի, թեկուզ, գիտե՞ս, նաիրյան այդ քաղաքի այն նշանավոր օրերի պատմությունը գրողը հիմա, ուզած-չուզած, պիտի զգա իրեն այն դժբախտ երեխայի դերում, որը, ինչպես այդ հաճախ տեղի էր ունենում հենց նույն այդ քաղաքի երեխաների կենցաղում, գետում լողանալուց հետո ուզում է հագնվել, բայց գտնում է շապիկի թևերը թրջած այնպես պինդ հանգուցած, որ սատանան ինքը կդժվարանա արձակել. նա գիտե, նա հասկանում է, որ իր շուրջը հռհռացող երեխաներն են այդ արել. նրա սիրտը պայթում է ոխից ու բարկությունից, բայց նույնպես ավելի քան լավ հասկանում է նա, որ եթե ընկնի ընկերների ետևից—շատ են, մի երկուսը ետ կմնան մնացած շորերը ևս կթրջեն ու կհանգուցեն, ուստի մնում է նրան հանգուցած շապիկը մի կողմ թողնել հագնել շորերն առանց սպիտակեղենի —ինչպես մեզ, ընթերցող, գոնե անհանգույց դեպքերն ու իրողությունները մոռացության չտալու նպատակով մնում է մի կողմ թողնել բոլոր խճիճներն ու հանգույցները և անցնել վեպի շարունակությանը:

Ինչպես ասացի՝ ընկ. Վառոդյանը սեփական աչքերով տեսել էր Մազութի Համոյի գրասենյակում «Կենտրոնից» ստացած գրությունը, որի մեջ գրված էր, ի միջի այլոց, «Հայտնի՛ր բոլորին» հրահանգը: Եվ ահա, Մազութի Համոյի գրասենյակից ելնելով, հանդիպեց, պատահմամբ, պ. Մարուքեին ընկ. Վառոդյանը և մտածեց, որ առաջին հերթին հենց այդ հաստամիտ Գրաստամատյանին է հարկավոր հայտնել հետաքրքիր նորությունը: Այդ միտքն հղացավ ընկ. Վառոդյանի գլխում երկու պատճառով. նախ՝ ինքը ցույց կտա այդ հաստամիտ պարոնին, որ այնքան էլ հասարակ անձնավորություն չէ ընկ. Վառոդյանը, որ, այո, ինքը կապեր ունի այնպիսի կենտրոնների հետ, որ կարող է ամեն նորություն իսկական աղբյուրից