Նա գիտեր, այո —կարդացել էր արդեն պ. Դրաստամատյանը, որ պատերազմ է հայտարարված Տաճկաստանին, միակ մարդն էր գուցե, որ, իրեն միայն հայտնի պատճառներով, դժգոհ էր դրանից։ Կային ասողներ —ինչպես, օրինակ, Հաջի Մանուկոֆ էֆենդին,—որ «անարխիստ» է պ. Մարուքեն, այսինքն՝ «անիշխանական». այնինչ ընկ. Վառոդյանն այն կարծիքն ուներ, որ նա, այսինքն՝ պ. Մարուքեն, ոչ «անարխիստ» է, ոչ բան, այլ, պարզապես մի «մխի գլոխ», որին հարկավոր է «խփել»։ Չգիտենք, որքա՞ն էր համապատասխանում իրականության ընկ. Վառոդյանի այդ կարծիքը պ. Մարուքեի մասին, բայց հարկավոր է ասել, որ ընկ. Վառոդյանի այդ օրիգինալ կարծիքում կար, եթե ոչ ուղղակի, գոնե կողմնակի ճշմարտության որոշ տոկոս. գուցե, այո, ընկ. Վառոդյանի տեսակետից, այդ «մխի գլխին» հարկավոր էր «խփել», քանի որ, այո,—մենք չգիտենք, թե ուրիշ ինչ պատճառներ կային պ. Մարուքեի համար, իրեն չվերաբերող մի խնդրի,—Տաճկաստանին հայտնած պատերազմից դժգոհելու, բայց մի բան պարզ էր ինքնըստինքյան, այդ այն է, որ պ. Մարուքեն նկատել էր, որ արդեն շարժվում է «Ընկերությունը»,— սա՛ էր, ամենից առաջ, նրա դժգոհելու պատճառներից մեկը։ Ո՛չ անարխիստ, ո՛չ բան։ Նա՝ պ. Մարուքեն, իրեն միայն հայտնի պատճառներից դրդված, դեմ էր «Ընկերությանը», այսինքն՝ կոնկրետ ասած՝ տեղական «երեքին» ու նրա արբանյակներին. նրանք սև ասեին, պ. Մարուքեն կասեր՝ սպիտակ. նրանք հա ասեին, պ. Մարուքեն կասեր՝ չէ։ Եվ այսպես —ամեն ինչում. այսպես էլ հիմա։ Արդեն խոսում էին քաղաքում, արդեն շշնջում էին, խորհրդավոր, զանազան բերաններ։ Արդեն տալիս էին հայտնի անուններ... Անհամբերությամբ սպասում էին այդ ըղձալի օրվան. այս ըղձալի օրը, ինչպես ընկ. Վառոդյանն էր ասում քաղաքային այգում ծանոթ օրիորդներին, պիտի բանար իրենց՝ Նաիրիի առաջ ըղձա՛լի հորիզոններ։ Դեռ երեկ, դեռ առաջի օրը, այգու ակումբում պարծենում էր, «ագռավի աղջիկը» սեղանին խփելով, Կինտաուրի Սիմոնը, որ «կամավոր կգնա»։ Հասկանում էր, իհարկե, զգում էր արդեն պ. Մարուքեն, որ շուտով «պարը կսկսվի» և գլխապտույտ կգնա. հասկանում էր և դժգոհելով սպասում։ Իսկ հիմա ահա, ընկ. Վառոդյանին հանդիպելուց հետո, հասկացավ, զգաց պ. Դրաստամատյանը, որ արդեն գլորվել է քարը—և քթի տակ, դժգոհ, փնթփնթալով՝ քաղաքային այգու ակումբը գնաց պ. Մարուքեն, մտածելով, որ այնտեղ, երևի, ամեն ինչ կիմանա։
Էջ:Երկիր Նաիրի.djvu/79
Այս էջը հաստատված է