Արամ Անտոնիչը նրան Մոսկվա ուղարկելով հասել էր երկու նպատակի միանգամից. նախ՝ ազատվել էր նրա հոգսից, երկրորդ՝ իր վերջին պարտքը դրանով հատուցած էր համարել իր ազգակցի հիշատակին։ Ինչպես որ գնացել էր Մոսկվա Կարո Դարայանը— այնպես էլ մնացել էր այնտեղ մինչև ավարտելը, որից հետո ևս, թեկուզ տեղափոխվել էր Կովկաս— Բաքու, բայց չէր երևացել հայրենի քաղաքում, չնայած Արամ Անտոնիչի հաճախակի խնդրանքներին։ Արամ Անտոնիչը, մանավանդ երբ Դարայանը վերջացրեց դպրոցը, երբ արդեն վերացած էր համարում ամեն մի հոգատարության խնդիր մորեղբոր որդու նկատմամբ, շատ էր ցանկանում նրան իր մոտ տեսնել, գուցե հենց նրա համար միայն, որ, ինչպես ասում էր նա հաճախ Գեներալ Ալոշին, «ցանկանում էր իր ազնվության պտուղը մոտիկից ճաշակել»։ Բայց հետո, Կարո Դարայանի Բաքու գալուց մի քանի ժամանակ անց. Արամ Անտոնիչը դադարեց հանկարծ իր «ազնվության պտուղի» մասին առհասարակ խոսելուց, իսկ երբ, լինում էր, հիշեցնում էին նրան իր «սանիկի» մասին— Արամ Անտոնիչը թթու դեմք էր շինում. Արամ Անտոնիչը ծամծմում էր զրույցը։ Գեներալ Ալոշը սկզբում չէր հասկանում, ավելի շուտ՝ չէր իմանում բանի եղելությունը, բայց հետո նա իմացավ, և ահա բանը մինչև այնտեղ հասավ, որ Արամ Անտոնիչը մի գեղեցիկ օր էլ վերցրեց գրեց իր սանիկին, որը, ի դեպս, համարյա թե չէր էլ պատասխանում իր «բարերարի» նամակներին և ո՛չ մի նշան չէր էլ ցույց տալիս այդ կողմերը երևալու,— Արամ Անտոնիչը, ինչպես ասացինք, վերցրեց գրեց Կարո Դարայանին, որ չլինի թե վերջինս իր աչքին երևա, իսկ եթե պատահի գալու լինի հայրենի քաղաքը— չլինի թե մտաբերե իր քեռու բնակարանը, քեռու բնակարանը «փուչ» սանիկի համար փակված կլինի։ Այսպես էր գրել իր մորեղբոր որդուն Արամ Անտոնիչը իր վերջին նամակում— և ահա, այդ նամակը գրելուց երկու ամիս անց, որտեղից-որտեղ, մեր պատմած դեպքերի նախօրյակին, մի գեղեցիկ առավոտ եկավ Կարո Դարայանը նաիրյան այդ քաղաքը և կառքը կանգնեցրեց... ճիշտ պ. Մարուքեի բնակարանի առաջ։ Այս վերջին հանգամանքը խիստ զարմանալի թվաց ոչ այնքան քաղաքացիների, որքան իրա— Արամ Անտոնիչի աչքին, բանն այն է, որ, ճիշտ է, Մոսկվա գնալուց առաջ երկու երեխաներ, ավելի լավ է ասել՝ երկու փողոցային խաղընկերներ, թեպետև ճանաչելիս լինեին իրար՝ պ. Մարուքեն և Կարո Դարայանը, բայց չէ՞ որ դրանից հետո այնքան էր ջուր-հոսել, և այն էլ տարբեր հուներով,
Էջ:Երկիր Նաիրի.djvu/82
Այս էջը հաստատված է