համր լեզուն բացվում է մայրենի լեզվի հրաշալի հրաշքով»։— Այսպես մանվածապատ, այսպես բանաստեղծական սկսեց իր այդ նշանավոր ճառը Մազութի Համոն։ Իմաստն այն է, պարզաբանեց նա հետո, որ հայրենազուրկ մարդու գոյությունը մի վերք է, մի յարա, իսկ մայրենի լեզուն— հրաշարար բալզամ։ Դուք գիտեք, թե ինչպիսի՜ մեծ սիրով, ինչպիսի մեծ ոգևորությամբ քնարերգել են բոլոր մեծ բանաստեղծները, ինչպես մեր Ալիշանը և Գամառ Քաթիպան— շարունակեց հետո Մազութի Համոն,— իրենց հայրենի երկիրը, իրենց հայրենի աշխարհը— իրենց հայրենիքը։ Ինչո՞ւ,— հարցը, շեշտակի, դրեց Մազութի Համոն,— որովհետև, ինչպես հայտնի է բոլորին և ինչպես համոզված է ինքը— այդ երկու գաղափարը, այդ երկու հասկացողություններն են— մայրենի լեզու և հայրենի երկիր— որ, հարմոնիկ կերպով շաղկապվելով իրար, ստեղծում են այն մեծ, այն, ամեն մի ժողովրդի զարգացման պսակը կազմող, հոյակապ շենքը, որ կոչվում է ազգություն։ Հայրենի երկիր և մայրենի լեզու, ահա այն երկու հզորագույն ազդակները, որ շաղկապվելով իրար, ամեն մի զարգացած ժողովրդից, ամեն մի ցաքուցրիվ ցեղից կազմում են անքակտելի մի միավոր,— կազմում են, ինչպես ասաց, կենդանի մի օրգանիզմ—մի ամբողջական ազգություն։ Բայց հարց տանք, հարց տանք մեզ ամենից առաջ, թե ի՞նչ է կոնկրետ կերպով իրենից ներկայացնում ազգություն միավորը կազմող իր առաջադրած անդամներից առաջինը— հայրենի երկիրը։ Եվ, իհարկե ոչ ոքի համար նորություն չի լինի, եթե նա ասի, որ դա այն հոդն է, որի վրա ապրել են տվյալ ժողովրդի նախորդները, այն հողն ու ջուրն են, որով սնվել են, դարերի ընթացքում կյանք են ստացել տվյալ ժողովրդի պապերը, պապերի պապերը, և նրանց էլ պապերն ու պապերի պապերը։ Ինքը նրա համար է այնքան անգամ կրկնում «պապերը», որովհետև ցանկություն ունի արգո հասարակության առանձնակի ուշադրությունը հրավիրել այն, ավելի քան կարևոր և տվյալ դեպքում հիմնական, հանգամանքի վրա, որ «հայրենիք» գաղափարը կապված է ո՛չ միայն այն հողի, այն երկրամասի հետ, որի վրա ապրում է հիմա տվյալ ժողովուրդը, օ, ոչ, իհարկե ոչ, հարգելի հանդիսականներ։ Այստեղ ինքը, Մազութի Համոն, հարկադրված է կիրառել ազգային հարցի շուրջը գոյություն ունեցող գիտական գրականության այն հիմնական տեսակետը, որ կոչվում է «պատմական տեսակետ»։ Բանն այն է, այն է, հարգելի հանդիսականներ, որ հայրենիք կոչվածը մի օրում չի շինվում, մի օրում չի՛
Էջ:Երկիր Նաիրի.djvu/92
Այս էջը հաստատված է