Այս էջը հաստատված է

նվիրական գործին ամենայն աջակցություն, լիակատար աջակցություն։ Թե՛ բարոյական և թե՛, մանավանդ, նյութական։ Դուք գիտե՞ք,— ձայնը բարձրացնելով և խորին հուզմունքով բացականչեց հանկարծ Մազութի Համոն,-որ ես հայտնեմ պիտի հիմա մի ուրախալի, մի, բացառիկ նշանակություն ունեցող, խոշոր նորություն.—թագավոր կայսեր ստորագրությամբ գրություն է ստացվել փոխարքայի հասցեով, որով թույլատրվում է մեզ կամավորական բանակներ կազմակերպել —ուրիշ խոսքով ասած՝ մեր սեփական, այո՛—նաիրյան զորքն ունենալ՝ մեր հին հայրենիքի գրավված վայրերը պաշտպանելու համար...»։

Դեռ չէր վերջացրել իր այս նախադասությունը Մազութի Համոն, երբ, կարծեմ բժիշկ Սերգե Կասպարիչի նշանով, դահլիճում ծայր առավ մի կատաղի ծափահարություն։ Հանդիսականներից շատերը, ինչպես Կինտաուրի Սիմոնը և վարսավիր Վասիլը, ոգևորության այն աստիճանին հասան, որ սկսեցին ոտքերը գետնին խփել բացականչություններ անել։ Բայց հնչեց նախագահի,—չոր, հատու,—հնչեց ընկ. Վառոդյանի զանգը նախագահական տեղից. դահլիճում տիրեց լռություն։ Բաժակից ջուր խմեց, առիթից օգտվելով, Մազութի Համոն և շարունակեց.—«Սա նշանակում է, որ կայուն, իրական հողի վրա է դրվում այսօրվանից մեր հարցը— մեզ մնում է գրկաբաց առաջ գնալ ստեղծված հնարավորություններին՝ աճապարել կազմակերպված դիմավորել մեր տառապյալ հայրենիքի վերջնական ազատագրմանը»։—Այստեղ նորից, չնայած մի վայրկյան առաջ էր խմել —բաժակից ջուր խմեց Մազութի Համոն —«բայց դեռ ես չեմ հայտնել, հարգելի հանդիսականներ, ամենաէականը»,—ասաց Մազութի Համոն խորհրդավոր ձայնով.երևում էր, որ ուզում էր հայտնել չափազանց կարևոր, նշանակալից մի նորություն, բայց դժվարանում էր ձևավորել։ «Ես պիտի հայտնեմ ձեզ, հարգելի հանդիսականներ,—ասաց, շրթունքները սրբելով, նա վերջապես,—որ նույն այդ բարձրագույն գրությամբ—ամենահավաստի աղբյուրից մենք տեղեկություն ենք ստացել— բավականին, այո՛, բավականին որոշ խոստումներ են տրվում մեզ ապագայի նկատմամբ— և մենք ամենայն վճռականությամբ կարող ենք ասել, որ բացի ընդհանուր բարյացակամ վերաբերմունքից դեպի մեր «Հարցը»— մենք արդեն ունենք իրական, ապա ուրեմն պաշտոնական երաշխիքներ ամենաբարձր ինստանցիաներից գրավոր տրված...»։

Այստեղ նորի՛ց, նորից դղրդաց դահլիճը հախուռն ծափահարություններից,