Այս էջը հաստատված է

բոլորը ետ նայեցին, իսկ Մազութի Համոն և ընկ. Վառոդյանը —առաջ. անտեղի էր այդ ձայնը և անսպասելի։ Նայեց, ճարպոտ վիզը հազիվ ետ շրջելով —նայեց դեպի ձայնը և Արամ Անտոնիչը. նա միակն էր, գուցե, դահլիճում, որ ճանաչում էր այդ ձայնը։ Ձայն խնդրող ձայնը Արամ Անտոնիչի «սանիկինն» էր— Կարո Դարայանինը։ Գուշակեց Արամ Անտոնիչի սիրտը, որ լավ բան չի կարող պատահել, դեմքը հանկարծակիի եկավ —Արամ Անտոնիչի դեմքը անհամբերությունից ծռվեց։ «Դուք... ինչի՞ մասին եք ուզում խոսել»,—հարցրեց, ոտքի կանգնելով, ընկ. Վառոդյանը։—«Ես մի հարց միայն կուզեի տալ պ. Աստվածատրյանին,—պատասխանեց Դարայանը.—կարելի՞ է»։—Նայեց, հարցական հայացք գցեց Համո Համբարձումովիչի դեմքին ընկ. Վառոդյանը։ Համո Համբարձումովիչի հայացքը անհասկանալի մնաց ընկ. Վառոդյանին։ «Խնդրեմ»,—ասաց ընկ. Վառոդյանը, զանգը վերցնելով.—«Միայն թե կարճ»։ Դահլիճը, անհամբերություն կտրած, սպասում էր Դարայանին։ Կիսազարմացական, կիսահեգնական ժպիտը դեմքին՝ նայում էր Դարայանին Համո Համբարձումովիչը. «Ո՞վ է այս լուսնից ընկածը»,—ասում էր կարծես հեգնախառն հայացքը Մազութի Համոյի։ «Ես մի հարց միայն կուզեի տված լինել պ. Աստվածատրյանին,— ասաց Դարայանը.—Չէ՞ր կարող արդյոք պ. Աստվածատրյանն ասել, թե ո՞վ է տեսել այն գրությունը, որի մեջ, իբր թե, «իրական խոստումներ կան տրված ամենաբարձր ինստանցիաներից» և, եթե այդպիսին, այսինքն՝ գրությունը կա՝ ինչպե՞ս են ձևակերպված այդ խոստումները— բառացի...»։

Ինչպես քարը, այո՛, սարից գլորվելով ընկնելով գետը, առաջ է բերում շառաչուն ջրհուզում, ինչպես ֆուտբոլի գնդակը, խաղընկերներից մեկի անշնորհք հարվածից խաղի ամենատաք վայրկյանին պայթելով՝ առաջ է բերում ընդհանուր տհաճություն ընդհանուր ցասում —այդպես էլ Կարո Դարայանի անտեղի այդ հարցը, սրահի ընդհանուր, լարված ոգևորության մթնոլորտում պայթելով՝ առաջ բերեց —բարկություն ու հեգնա՞նք ասեմ, չգիտեմ, թե՞—հեգնանք ու բարկություն։ Սերգե Կասպարիչը և Օսեփ Նարիմանովը վեր թռան տեղերից, զարմանքը դեմքերին՝ հասարակությանը նայեցին Սերգե Կասպարիչը և Օսեփ Նարիմանովը։ «Ո՞վ է այդ երեխան, որ նման մի տհաս, երեխայական հարց կարող է տալ նման մի ժողովում»,—ահա այս էր գրված բժիշկ Սերգե Կասպարիչի և հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովի հայացքներում։ Նրանց հետևելով նույնպես