ոտքի կանգնեցին Գեներալ Ալոշը, պ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը և Արամ Անտոնիչը. վերջինիս դեմքը մի այնպիսի արտահայտություն էր ստացել, կարծես ասելիս լիներ.—«Ներեցեք անարժանիս՝ ե՛ս եմ մեղավորը...»։ Մեկը, Համո Համբարձումովիչը կարծեմ, հեգնական ծիծաղեց. ամբողջ դահլիճը, մի մարդու, այո, մի բերանի նման՝ հեգնախառն փռթկաց։ «Ծը՜նգ, ծը՜նգ, ծը՜նգ»,—հնչեց նախագահի զանգը, մեղմ ու զիջող.—«ծիծաղեցեք, բայց— լռել է՛լ է հարկավոր»,—ասում էր այդ զանգը կարծես ընկ. Վառոդյանի ձեռքում։ «Լռեցե՛ք, պարոննե՛ր»,—բացականչեց ընկ. Վառոդյանը, մի քայլ առաջ գալով,— և, ինքն էլ, կարծես չկարողանալով զսպել ծիծաղը՝ փռթկաց։ — «Լռությո՜ւն, լռությո՜ւն»,— օգնության եկավ նրան, արդեն բոլորովին լրջացած Մազութի Համոն. «Նստեցեք, պարոններ»,—ու ցույց տվեց ձեռքով, թե ինչպես հարկավոր է նստել, Համո Համբարձումովիչը։ Բոլորը, աղմուկով ու հռհռոցով, վերջապես նստեցին։ Ապա առաջ եկավ, ծանր ու լրջադեմ, Մազութի Համոն —տվեց արժանի պատասխանը.—«Ես պիտի ասեմ հարցասեր երիտասարդին, որ նման հարցեր կարող են տալ միայն— թող ներե ինձ հարցասեր պարոնը— դպրոցական աշակերտները...»։ Եվ դահլիճը թնդաց, որոտաց ծափահարությունից։ «Թույլ տվեք,—ինչքան որ ձայն ուներ, բղավեց, շփոթված, Կարո Դարայանը.— չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք, մարդկանց խաբել...»։ Եվ այստեղ էր ահա, որ, ինչպես ներքևում ասացինք, ձայն առավ —երևակայո՞ւմ եք —Կլուբի Մեյմունը,—այսինքն՝ վեր թռչելով տեղից, ձայն տվեց ինքն իրեն Կլուբի Մեյմունը և— «Դո՛ւրս արեք էդ իշու հայվանին»,—բացականչեց, հոգու խորին վրդովմունքով, կոշկակարը ու առաջ պրծավ, ուզեց նետվել դեպի Դարայանը, բայց... վարսավիր Վասիլը, օգտվելով հանգամանքից, իբր թե պատահմամբ, դեմ տվեց ոտքը Կլուբի Մեյմունին. Կլուբի Մեյմունը, գերանի նման, տարածվեց հատակին։ Տիրեց ընդհանուր իրարանցում, աղմուկ ու հռհռոց։ Հետո ինչ պատահեց —հետաքրքիր չէ, ընթերցո՛ղ, որովհետև, այո, պատահեց անխուսափելին. Օսեփ Նարիմանովի առաջարկով քվեարկության դրվեց, դահլիճը բավականին հանդարտվելուց հետո, օրինական առաջարկը Կլուբի Մեյմունի. Համո Համբարձումովիչը երկու հակիրճ խոսքով խայտառակության սյանը գամեց, Դարայանին հասարակության միաձայն որոշումով դահլիճից հեռացնելուց հետո, Դարայանի նման «տխմար երիտասարդներին». ընկ. Վառոդյանը հայտնեց ի լուր հանրության, որ մոտ օրերում եկեղեցու մոմավաճառքի
Էջ:Երկիր Նաիրի.djvu/99
Այս էջը հաստատված է