Այս էջը սրբագրված է

Գ

ԵՐԲ ԿԸՀԻՇԵՆ ԲԱԺԱԿ ՄԸ ԱԼՔՈԼԻ ԱՌՋԵՎ...

Կըհիշեմ, կըհիշեմ, ո՜րքան պահ, ո՜րքան վիշտ,
Ո՜րքան երգ հեշտության, ո՜րքան իղձ ամբարիշտ...
Ո՜րքան ցավ մութին մեջ ու ժամեր պըղծության...
Ու ձեռքեր քրնքշենի, ձեռքեր չար ու բուրյան...
Հեզորեն, քընքշորեն, լույսին մեջ մեղմորեն...
Ահա՛ լուռ կծաղկին՝ մե՜ծ գըգվանքներ նորեն...
Պիտ՝ իյնաս դուն վըրաս, ո՛վ երազ արփագեղ
Նայվածքի մը պես խոր, առտվան պես շըքեղ,
Ողողես պիտի զիս լուսավոր ու մաքուր՝
Աղքատին դըրան մեջ՝ ձեռքըդ՝ շուշան մը, քո՜ւյր․․․
Հըպե' ինձ, հըպե' ինձ, մայիսի աղվոր շունչ'
Սերըս իմ ոսկեհունչ՝ ըսպիտակ ծաղկեփունջ...
Հեզորեն, քընքշորեն, մութին մեջ լըռորեն
Ա՛հ, բուրե՛, ա՜հ, բուրե՛. ա՛հ, բուրե' դուն նորեն...

Դ

ԵՐԲ ՄԵՐԿ ՄԱՐՄԻՆԻ ՄԸ ԱՌՋԵՎ ՀՄԱՅԱԹԱՓ ԿԸԼԼԱՆ...

Սիրեցի, սիրեցի, խենթորեն, հեղգորեն,
Բայց ահա՛ կըդողամ, կըսողամ ես նորեն...
Մա՚րմին իմ սանձաբեկ, հոգնաբեկ, տրտմաբեկ,
Չարչարված ու պըզտիկ՝ մարմին իմ մերկ ու հեք...
Ա՜հ, ինկար, ա՜հ ինկար — հին օրենքը հողին...
Ահա՛ լուռ ու տխուր, լըքումի անկողին...
Հի՛վանդ է մեր սերը, արուն՝ էգ, էգը՝ շուն,
Հեշտանքի մեր կայքին վըրա ցուրտ, խիստ աշուն...
Հի՛վանդ է մեր սերը ու պզտիկ ու աղքատ,
- Ա՜հ պառկե, ա՜հ պառկե, ա՜հ պառկե անգանգատ.․․