Այս էջը հաստատված է
Ա

Մենք ունեինք մի հեռավոր ազգական, որին Ավետիս Ամուճա[1] էինք կանչում։ Ո՛չ միայն մենք, այլև ամբողջ քա­ղաքը նրան Ավետիս Ամուճա էր կանչում, մինչև անգամ թուրքերը։

Թե ի՛նչ ազգական էր նա, ես մինչև հիմա էլ չգիտեմ։

Ավետիս Ամուճան և Գուվար Քորոն[2] քառասուն տարուց ավել էր, ինչ ամուսնացած էին։ Նրանք ո՛չ իրար էին տեսել նախապես, ո՛չ էլ իրար հավանել, այլ ծնողներն էին հավանել և պսակել, ինչպես սովորություն էր հի՜ն, անհետացա՜ծ երկրում։

Ամուսնությունից հետո միայն մի երկու տարի նրանք ապրել էին իրար հետ առանց վեճի և կռվի, մնացյալ տարիների ամեն մի օրը գոյություն էր ունեցել մի փոքրիկ, շա՜տ փոքրիկ առիթ, որ վիճեին նրանք և վեճը փոխվեր կռվի։

— Աղջի՛, չըլլելիք, հավերը կինե[3] մտան օդան,— գոռում էր Ավետիս Ամուճան և դուրս չէր քշում հավերը, կանչում էր կնոջը, որ նա՛ քշի։

— Մեյ մը քը՜շ ըսես, կերթան, ա՛յ մարդ,— բարկանում էր Գուվար Քորոն և՝

— Քը՜շ, քը՜շ, քշա՜, քշա՜…

Ավետիս Ամուճան հակաճառում էր.

— Ես հավ քշող չի՛մ։

— Հավ քշող չես՝ ի՞նչ ես։

— Էրիկ մարդ իմ, գլխուս վրա ֆես կա,— ազդարարում էր Ավետիս Ամուճան։

Սկզբները Գուվար Քորոն սրանով վերջացնում էր վեճը։

Բայց կամաց-կամաց եկավ այն եզրակացության, որ գլխի վրա ֆես ունեցողն էլ կարող էր և պարտական էր հավեր

  1. հորեղբայր
  2. քույր
  3. նորից