Այս էջը հաստատված է

ձայնով, որի կանչած ժամանակ Գուվար Քորոն միշտ ասում էր.

— Քա՛, հիմա կոկվըները[1] վար կուգան։

Գուվար Քորոն միայն մի կիրք ուներ. դա տան մաքրու­թյունն էր։ Գրեթե երկու օրը մի անգամ սենյակների և հաշ­տի հողե հատակները սպիտակ կավ էր քսում, բոլոր կլայված ամաններն ամեն օր սրբում, փայլեցնում էր, առաստաղի և պատերի փոշիներն առնում, լուսամուտների փեղկերն օճառով լվանում, օճառով լվանում էր մինչև անգամ դրսի դռան շեմքը և դռան առաջը նստելու համար դրված քարը։ Ամեն րոպե շոյում, շփում էր տան առարկաները։ Խորովածի շիշե­րը ոչ միայն խորոված եփելուց հետո էր մոխրով մաքրում և փայլեցնում, այլև ամեն օր։ Նրանց տունը մտնողն անկողիններից, պատերից, հատակից, ամաններից և յուրաքանչ­յուր առարկայից ստանում էր գերազանց մաքրության հա­ճույքը։ Ավետիս Ամուճան այս բոլորին արժեք չէր ընծայում։ Երբ ուրիշները նրան դիտել էին տալիս, թե՝ կնիկդ տուն մը կպահե, որ կծծղա, նա պատասխանում էր.

― Հելբեթ դե՜, կնի՛կ է:

Եվ պատահում էր, որ կեսօրին, ճաշի չգալով հանդերձ, Ավետիս Ամուճան գալիս էր տուն կարմիր մենդիլին[2] մեջ մի բան փաթաթած, որը լուռ հանձնում էր Գուվար Քորոյին։ Այդ բերածը անպայման Գուվար Քորոյի շատ սիրած մի բա­նը կլիներ։ Վերցնելով թաշկինակը Ավետիս Ամուճայի ձեռ­քից, Գուվար Քորոն մոռանում էր ամեն բան, կռանում էր, կոշիկները հանում և տանը խռիկը տալիս, որ հագնի։ Խռի­կը հին մի կոշիկ էր, կարկատաններով ծանրացած, բայց լայնացած էր և հեշտությամբ ոտը մտնում էր և ելնում։

Երր Գուվար Քորոն պպզում էր, որ կոշիկները հանի, Ավետիս Ամուճայի էրիկմարդությունն իր խորագույն գոհա­ցումն էր գտնում և հանգստացած, հոգով խաղաղ, ժպիտով և քաղցրությամբ, ակնարկելով թաշկինակով բերածը, ասում էր.

  1. ամորձիք
  2. թաշկինակ