Այս էջը հաստատված է

—Քըզի համար բերեր իմ։

Գուվար Քորոն ընկնում էր խելահեղ երանության մեջ, կանգնում էր դիմացը և բացականչում.

— Անուշի՜կ խուշիկս…

«Անուշիկ խուշիկս» անվանում էր մի մարդու, որ մինչև ականջները հասնող բեղեր ուներ, չեչոտ, սև և տափակ մի քիթ, ներքևի շրթունքը հաստ և մեջտեղից ճաքած, ցցված այտոսկրներ, թթի տերևի չափ մեծ ականջներ՝ ծածկված խիտ մազերով, որը սափրիչը խուզում էր գլխի հետ միասին։

Բայց այս սիրալիրությունը երկար չէր տևում, Ավետիս Ամուճան ամուսնու դերը հասկանում էր այն, որ ամեն րո­պե պետք է կշտամբեր կնոջը։

— Առտըվան ճնճղուկները չեն թողուր քնանամ։

— Ես ի՞նչ էնիմ։

— Ի՞նչ տ՚ենես, կնիկ ես, գնա՛, փախցո՛ւր։

— Ամա՜ն, բան, գործ չունիմ դե՝ ճնճղուկ տի փախցնի՞մ։

— Սկսար պոչդ խաղցնել, հա՜ …

— Նորեն չեյնեիդ տվիր, փնթի՛։

— Մի վռվռա, պոչդ կկըյրիմ[1]։

— Չե՞ս ամչնար, ամեն իրիկուն բայրախ կբանաս[2]։

Պատահում էր՝ Ավետիս Ամուճան այնքան զայրանար, որ անկողին չգնար և սենյակի մի անկյունը երկարեր ու քներ առանց վրան ծածկելու, բայց Գուվար Քորոն վերցնում էր վերմակը և ծածկում նրան, որ չմրսի։

— Սատանան կ՚ըսե՝ մի՛ ծածկեր, հա՜,— մրթմրթում էր Գուվար Քորոն և ծածկում։

Կեսգիշերին, երբ Ավետիս Ամուճան զարթնում էր և տես­նում կնոջ հոգատարությունը՝ հակառակ իր վիրավորական և անտեղի խոսքերին, զղջում էր իր ասածների համար, խղճա­հարվում, վեր էր կենում, շորերը հանում և գնում մտնում Գուվար Քորոյի ծոցը, փաթաթվում նրան և ասում.

— Արունը ջուր չի դառնար։

— Մեջքս աղեկ գոցե՛։

  1. կկտրեմ
  2. դրոշակ պարզել՝ կռիվ անել (բայրախ՝ դրոշակ)