Այս էջը հաստատված է

— Քա՜, խե՛նթ ես,— եզրակացնում էր Գուվար Քորոն։

Մեկ-մեկ պատահում էր կռիվ չէր լինում։ Երկուսն էլ զարմանում էին։

— Քա՜, ասօր կռիվ չեղավ, մա՜րդ,— ասում էր Գուվար Քորոն։

— Հա՛, չեղավ, ինտո՞ր եղավ, որ չեղավ։

— Կերևի քի՝ սատանան ծուռ չէր նստեր։

— Ա՜խ, էդ սատանան իշտե դու՛ն ես։

— Ես չի՛մ։

— Դո՛ւն ես։

Սկսվում էր կռիվը։

Եթե պատահեր, որ կռիվ չլիներ, այդ գիշերը նրանք պառկում էին շնչներն իրար խառնելով։

Երբ այսպես շունչ-շնչի պառկում էին, Գուվար Քորոն երանությամբ, ուրախության արցունքներով ասում էր.

— Ա՜յ մարդ, ի՞նչ կ՚ըլլի, որ ամեն օր ըլ էսպես ըլլի։

— Հա՜, աղեկ կ՚ըլլի։

— Է, որ աղեկ կ՚ըլլի ինչո՞ւ կ՚էնես։

— Ե՞ս կ՚էնեմ, թե դուն կ՚էնես։

Գուվար Քորոն, տեսնելով նորից վեճ պիտի սկսվի, լռում էր, որպեսզի չպղտորվի պահը։ Ավետիս Ամուճան շատ գոհ էր մնում, երբ կինը չէր պատասխանում, այն ժամանակ գրկում էր նրան, բեղերը քսում կնոջ երեսին և ասում.

— Հոգի՛դ սիրիմ։

Տարիներ անցկացան, բայց նրանց չորս ոտը չդարձավ վեց։

Գուվար Քորոն մնաց անպտուղ։

— Է՜հ, էդ կողմեն ըլ բան մը չես,— մի օր ասաց Ավե­տիս Ամուճան իր կնոջը, այս անգամ ոչ թե արհամարհական կամ կշտամբանքի շեշտով, այլ խորը թախիծով և ապաշա­վով։

Իսկ Գուվար Քորոն պատասխանեց.

— Ի՞նչ էնիմ, կյոյա[1] էրիկմարդ ես, իշտե էրիկմարդու բոյդ տեսանք։

Կարծես մեկն ապտակեց Ավետիս Ամուճային, կարծես մի հսկա ձեռք բարձրացրեց նրան և խփեց գետնին։

  1. իբր