Այս էջը հաստատված է

Ծանր էին Գուվար Քորոյի խոսքերը։

Ամբողջ մի շաբաթ ո՛չ մի վեճ չեղավ նրանց միջև, Ավետիս Ամուճան խոսում էր ցածր և քաղցրագին, գիշերները չէր քնում, ծխում էր անընդհատ, ախուվախ էր քաշում։

Գուվար Քորոյի խոսքերը խորապես վիրավորել էին Ավետիս Ամուճային։

— Մա՛րդ, ի՞նչ կմտմտաս,— մի օր ասաց Գուվար Քորոն,— մեյ մը դուն քեզ հեքիմին ցուցուր։

Ավետիս Ամուճան չպատասխանեց, բայց մյուս օրը դիմեց։

Բժիշկը երկար քննություն կատարեց և, ի վերջո, ասաց.

— Բան մը չունիս, մեյ մը կնի՛կդ բեր տեսնամ։

— Կնիկս ի՞նչ պիտի տեսնաս, ջանը՜մ։

— Կերևա կնիկեդ է։

― Հա՞, հա՞։

— Այդպես կերևա կոր։

— Փե՛ք աղեկ, բերիմ։

Ավետիս Ամուճան դուրս եկավ բժշկի մոտից և փողոցում կանգնած շշնջաց ինքնիրեն.

— Կնիկդ բեր՝ տեսնա՜մ… մենք քեզպեսները շատ տեսեր ենք, հեքի՛մ էֆենդի, քու միտքդ հասկցանք, դուն իմ կնկան վարտիկին ծարն ըլ չես տեսնար, հայդե՜…

Երբ Գուվար Քորոյին խրատեցին, թե երեխա ունենալու համար հարկավոր է ջերմուկ գնալ, Ավետիս Ամուճան հնա­րավորություն ստեղծելու համար ոչինչ չխնայեց։

Գուվար Քորոյի անպտուղ մնալը ջարդուփշուր էր անում Ավետիս Ամուճայի էրիկմարդությունը։

Բայց ջերմուկն էլ չօգնեց։

Գուվար Քորոն մնաց անպտուղ, իսկ Ավետիս Ամուճան մինչև վերջն էլ համառեց կնոջը բժշկին ցույց տալու։

— Նամուսս սոխախը չիմ դրեր,— ասում էր նա։

Երեխա ունեցող կանայք, սակայն, երանի էին տալիս Գուվար Քորոյին։

— Երնեկ քըզի,— ասում էին նրան,— չոջուխ-մոջուխ չունիս, շալդ քաշե գլուխդ, ուր կուզես նե՝ հոն գնա օ՜խ…

Բայց Գուվար Քորոյին այրում էր զավակ ունենալու մորմոքը, մանավանդ նրան համոզել էին, որ եթե երեխա ունենար,