Այս էջը հաստատված է

ամուսինը բոլորովին կփոխվեր, վրան կտաքնար և ոչ մի վեճ չէր լինի։ Բռնում էր նա ուրիշների երեխաները, գրկում, շաքարեղեն տալիս և բուռն ցանկությամբ սեղմում կրծքին։

Ավետիս Ամուճան երբ տեսնում էր կնոջը ուրիշ երեխաներ սիրելիս, ասում էր.

— Ուրիշների փիճերը ի՞նչ կգրկես, կսիրես, ջանը՜մ։

Երբ Գուվար Քորոն չէր պատասխանում, այլ խեղճացած նայում էր Ավետիս Ամուճային, կարծես նրանից հայցելով մի զավակ, Ավետիս Ամուճան ավելացնում էր.

— Ինչ էլ աղվոր է լակոտը…

— Հա՜, աղվոր է, փամբող[1] կըլմանի,— շշնջում էր Գուվար Քորոն և գոգնոցի ծայրով սրբում արցունքոտ աչքերը։

Տարիներն անցնում էին, Ավետիս Ամուճայի և Գուվար Քորոյի հարաբերությունները չէին փոխվում, կռիվները շա­րունակվում էին, բայց արդեն սովորական դարձան, դար­ձան մինչև անգամ զվարճախոսության և կատակի առարկա։ Երբ կռիվը վերջ էր գտնում, նրանք ծիծաղով սկսում էին հիշել, թե կռիվն ինչպե՛ս սկսվեց, ի՛նչ վախճան ունեցավ— դուն որ էսպես ըսիր, ես ըլ էսպես ջուղաբ տվի— և սկսում էին ծիծաղել, թե ով ավելի սուր պատասխան տվեց, ով տակ մնաց և ով՝ վրա։

Երբ Գուվար Քորոն հանդիպում էր հարևաններին, ասում էր.

— Փեսիդ հետ բայրախ բացի, ելա դուրս։

Շատ անգամ Ավետիս Ամուճան շուկայից տուն վերադառ­նալուց հետո մոտենում էր Գուվար Քորոյին, բեղերի տակ մանր ժպտալով և ցածր ձայնով ասում.

— Աղջի՛, կնի՛կ, ի՞նչ կ՚ըսես, արաղս խմեմ, վե՞րջը բայ­րախ բանամ, թե առաջ բայրախ բանամ։

Գուվար Քորոն համաձայն էր, որ նախ և առաջ կռվեն, վերջացնեն, հետո արաղ խմի։

Իսկ կռվի առիթը պատրաստ էր։

  1. ձյունածաղիկ