Այս էջը հաստատված է

մեջտեղում ինքնիրեն մի ծիրանի կուտ էր ընկել, բուսավ, աճեց և սկսեց պտուղ տալ։

Մի օր, երբ Գուվար Քորոն Ավետիս Ամուճայի առաջը մի աման հորի սառը ջրով լվացված ծիրան դրեց ուտելու հենց տան ետևում ինքնիրեն բուսած ծիրանի ծառից, Ավետիս Ամուճան նորից հիշեցրեց կնոջն անպտուղ մնալը՝

— Սա ծառին չափ ըլ չեղար, պտուղ մի չունեցար։

Նա հիշեցնում էր այդ այն ժամանակ, երբ կինը հիսունհինգն անց էր և ոչինչ չէր օգնի նրան զավակ ունենալու, ինչպես արմատից չորացած բույսը, որին չի կարող զարթեց­նել կանաչահուր ոչ մի գարուն։

Գուվար Քորոն պատասխանեց նրան.

— Մերեֆեթը[1] էրիկմարդունն է, կնկանը չէ։

Ավետիս Ամուճայի հոգու վրա նորից իջավ թախիծը, ինչ­պես սև, ծանր ամպը՝ հողի վրա, նա սուտ չլսել արավ և շա­րունակեց.

— Տղա մի ունենայի՜, դուդուկ առնեի՜, փչե՜ր… Բունկալ մի չունեցանք… Աստծո շիշին շուշուլ[2] ծարը մըզի դպավ…

Գուվար Քորոն ավելի զգացվեց և լալով ու բարձրաձայն ասաց.

— Թակը[3] սրտին կախեի, դպրոց ճամփեի՜ առտըվները…

Զավակ չունենալու թախիծն Ավետիս Ամուճային ավելի ու ավելի սկսեց այրել, երբ տեսնում էր, որ իր հասակակից ծերունիները, հոգնած աշխատանքից, կամ քիչ էին աշխա­տում և կամ թողնում աշխատանքը, խանութները ծախում, համրիչը ձեռներին, գնում, նստում արեգդեմ պատերի տակը, և զրույց անում հնից, հեքիաթներ պատմում, և երբ ժամուն զանգը ղողանջում էր, վեր էին կենում և գնում իրիկնային աղոթքի, որովհետև այդպիսիների որդիները մեծացած էին լինում, տանը տնտեսության ծանրությունը իրենց ուսերի վրա վերցրած և հայտարարած ծնողներին՝ «Դուք ըռահաթ տունը նստեցեք, քեֆ ըրեք, ասքան տարի դուք աշխատեր եք, հիմա ըլ մենք կաշխատինք, միասին կուտենք»։

  1. շնորհքը
  2. սրածայր
  3. տախտակի մի կտոր, որի վրա գրված կլիներ այբբենարանը իբրև մանուկի առաջին դասագիրք