Այս էջը հաստատված է

Նախաճաշ չանելն էլ նրան տարօրինակ թվաց, բայց էլի մխիթարեց իրեն.

— Սեպե քի՝ կռիվ ըրի, դուրս ելա։

Խանութի հարևանները անսովոր ոչինչ չնկատեցին նրա վրա։ Ավետիս Ամուճան, սովորականին պես, ինչպես տարի­ներ և տարիներ, բարևեց հարևաններին, բաց արավ խանութը, ներս մտավ, կապեց կաշվե գոգնոցը, կրակ շինեց, նստեց և սկսեց ձևավորել թիթեղը։

Կեսօրի մոտ դիմացի մսագործը նոր մորթած ոչխար բե­րեց, կախ արավ և սկսեց աղաղակել.

— Հե՜, հե՜, հե… ծախածս ոչխարի միս չէ, աղվընիկի միս է, աղվընիկի՜…

Ավետիս Ամուճան գլուխը բարձրացրեց՝ իսկապես թարմ և յուղոտ միս, վեր կացավ, գոգնոցը վրան, ականջներից թե­լով կապված ակնոցը քթին, մոտեցավ մսագործի խանութին և կախված ոչխարը տնտղելով և հիանալով ասաց.

— Սըկե օհա մը կըյրե, տեսնամ։

Միսը բերեց խանութը, մի քիչ էլ աշխատեց, հետո վեր կացավ, խանութը փակեց և միսն առնելով՝ գնաց տուն։

Երբ բանալին խրեց կղպանքի ծակը, հանկարծ հիշեց՝ Գուվարը ներսը չէ։

Մտավ ներս, միսը դրեց սովորական տեղը, նստեց, մի քանի անգամ չորս կողմը նայեց և հանկարծ բարձրաձայն պոռաց.

— Աղջի Գուվա՜ր․․․

Ո՛չ մի պատասխան։

Մի անգամ էլ պոռաց, բայց այս անգամ իր ձայնից սիր­տը փլվեց և սկսեց լաց լինել։ Լաց էր լինում Ավետիս Ամու­ճան մի կնոջ համար, որի հետ կես դարից մի քիչ պակաս կռվել էր գրեթե ամեն օր։

— Գուվա՜ր, աղջի՜, ո՞ւր ես գացեր, եկո՜, է՜…

Կարծես ուզում էր իրեն խոցել, ներքին զգացածն ասում էր բարձրաձայն, ազդվում էր ձայնից և լաց լինում։

— Գուվա՛ր, քուզո՛ւմ[1], միս եմ բերեր, եփե՛, ուտեմ…

Որովհետև սովոր չէր լաց լինելու, անճոռնի կերպով հեկեկում

  1. գառնուկս