Այս էջը հաստատված է

էր և, խեղճացած, մենակ ու ծերացած, նայում էր լուռ պատերին և ասում.

— Գուվա՛ր, անունդ սիրեմ, եկո՛, է՜, ո՞ւր գացիր…

Վեր կացավ, գնաց ներսի օդան, պահարանի ներքևի աչքից հանեց Գուվար Քորոյի շալ գոտին, մոտեցրեց քթին, հոտ քաշեց և երկար հեկեկաց։

Հետո բերած միսը թողեց դրած տեղը, դուրս եկավ տնից, փակեց դուռը, գնաց նորից շուկա, խանութ չհասած, փռից մի հաց վերցրեց, մի քանի քայլ հեռու գտնված մի կրպակից ձիթապտուղ գնեց, գնաց խանութ, բերած հացն ու ձիթա­պտուղը դրեց թիթեղի մի մաքուր թերթի վրա և սկսեց ուտել՝ լուռ արցունք թափելով հացի և ձիթապտուղի վրա։

Հարևան խանութպանը՝ Թումուճան Ախպարը, մոտեցավ նրան, չնշմարեց, որ Ավետիս Ամուճան լուռ լաց էր լինում և ծամում հացը, ասաց.

— Է՜հ, լուսահոգին չիկա, հիմա խանութը կճաշես։

Ավետիս Ամուճան ուզեց խոսել, բայց շրթունքները կար­կամեցին, ջանաց զսպել իրեն, բայց չկարողացավ և, կես ծամած հացը բերանում, սկսեց բարձրաձայն լաց լինել։

Թումուճան Ախպարն էլ զգացվեց, երկու տարի առաջ նա էլ իր կինն էր կորցրել, միացավ լացին, բայց նրա լացը մեղմ էր, ժամանակը մաշել էր մորմոքի սրությունը։ Ավետիս Ամու­ճան ձեռքը գրպանը տարավ թաշկինակը վերցնելու համար, բայց չկար։ Լացով և հեկեկալով ասաց.

— Դահա հեչ չէր եղեր՝ մենդիլ չունենայի, լուսահոգին միշտ ճեպս կդներ հատ մը, Թումուճան Ախպար։

Երկարեց, կաշվե գոգնոցը քաշեց և դրանով սրբեց ար­ցունքով ողողված քիթը, հետո հարցրեց հարևանին.

— Դուն ըլ հետը կկռվեի՞ր։

— Է՜հ, աշխարհք էր, բազի֊բազի կ՚ըլլեր։

— Ես աստուծու օրը բայրախ կբանայի։

Մինչև հարևանի հեռանալը էլ չխոսեց, միայն լաց եղավ։

Չանցավ մի շաբաթ, տունն ամբողջովին և հիմնովին կեր­պարանափոխվեց, կեղտոտվեց, բոլոր իրերի վրա թանձր փոշի նստեց, սպիտակեղենները դեղնեցին, ո՞վ պիտի լվա­նար, ինքն էր լվանում, պատերից և առաստաղից չանչուլ­ներ կախվեցին, ինքն էր կերակուր եփում, շատ պարզ կերակուրներ,