Այս էջը հաստատված է

Ծրարի մեջ գտել էր մի տեսակ ծաղիկ, որ հրաշալի դարման է հազի համար և շատ դժվարությամբ է ձեռք բերվում։ Գուվար Քորոն ընկել էր սարուձոր, հավաքել էր այդ ծաղիկը, չորացրել, որպեսզի Ավետիս Ամուճան ձմեռը խմի և չհազա։ Այդ ծրարը Գուվար Քորոյի վերջին հոգատարությունն էր ամուսնու համար։

— Գուվա՛ր, մատնե՜րդ սիրեմ, աս ծաղիկը ինտո՞ր ժողվեցիր…

Ո՛չ ոք չկար, որ մի քանի մխիթարական խոսք ասեր, ծրարը հեռացներ աչքիցը և հանգստացներ, մենակ էր, նայում էր չորացած ծաղիկներին, հոտ քաշում և հեկեկում։


Գ

Մի առավոտ Ավետիս Ամուճան խանութը բաց անելիս նկա­տեց, որ Թումուճան Ախպարի խանութը փակ է։ Խանութի փակ լինելը տարօրինակ թվաց, որովհետև Թումուճան ախպարը միշտ իրենից առաջ էր խանութը բաց անում։ Մինչև կեսօր սպասեց, Թումուճան Ախպարի խանութը չբացվեց։

— Կերևա հիվընդցեր է,— մտածեց Ավետիս Ամուճան։

Բայց մինչև իրիկուն պարզվեց, որ Թումուճան Ախպարը խանութը չի բաց արել, որովհետև պսակվել է։

— Վա՛յ, շունշանորդի՛,— վա՜յ,— բացականչեց Ավետիս Ամուճան, երբ առաջին անգամ լուրն ստացավ։

— Ծո՛, մարդ կնիկ մը թաղե ու նորեն կարգվի՞… Ի՜նչ աշխարհք մնացինք։

Երկու օր հետո Թումուճան Ախպարը եկավ խանութ։

— Ի՞նչ ընեի, տանը մեջ մինակ՝ շվաքիս հետ կխաղայի՛․․․― պատճառաբանեց Թումուճան Ախպարը։

Ավետիս Ամուճան տարակուսանքով օրորեց գլուխը։

Այդ օրերից մեկում նա հանդիպեց մի ծանոթի։ Ծանոթը տեսավ, որ Ավետիս Ամուճան շատ տխուր է, ասաց.

— Է՜, Ավետի՛ս Ամուճա, շատ մի՛ մտմտա, դուն ըլ ար­դեն ծեր ես, ասկեց ետքը կնիկն ի՞նչ տ՚ենես։

Ավետիս Ամուճան պատասխանեց։

— Ծո՛, սարսախ, կնիկը վաթցունեն վերջը պետք է։

— Հա՞։