— Թումուճան Ախպարը կճանչնա՞ս։
— Հա՛, կճանչնամ։
— Իշտե վաթցունին վերջը կարգվավ մարդը։
— Եթե էդպես է, դո՛ւն ըլ կարգվիր, կնիկը կնիկ է,— խրատեց ծանոթը։
Ավետիս Ամուճան ցնցվեց.
— Կարգվի՞մ։
— Կարգվիր յա՜։
— Նոր կնիկ բերիմ, հա՞։
— Հա՛։
Ավետիս Ամուճային դուր եկավ այս խրատը, բայց երբ բաժանվեց և տուն գնաց, չկարողացավ մոռանալ։ Մի քանի օր հետո նա նորից հանդիպեց նույն ծանոթին փողոցում, կանգնեցրեց նրան և ասաց.
— Գիտե՞ս, դուն գլխուս մեջը ճրագ վառեցիր։
Ծանոթը մոռացել էր, գլխի չընկավ։
— Ի՞նչ կըսես, չի՛մ հասկնար։
— Ըսիր քի՝ նորեն կարգվիր։
— Հա յա՜, նորեն կըսիմ, նոր կնիկ ա՛ռ, նոր կնիկը ավելի քաղցր կ՚ըլլի։
— Ավելի քա՞ղցր։
— Յա՜…
Երբ Ավետիս Ամուճան Թումուճան Ախպարին հարցրեց, թե՝
— Նոր կնիկդ ինտո՞ր է։
Թումուճան Ախպարը պատասխանեց.
— Շեքերի պես։
Ավետիս Ամուճայի մտքում մեխվեց նորից ամուսնանալու գաղափարը։ Դրանից հետո նա զգալապես աշխուժացավ։ Երկար ժամանակ էր մորուքը չէր կտրել, գնաց և մաքուր սափրվեց և նոր, չուխայից շալվար կարել տվեց, մեկ֊մեկ սրճարաններում սկսեց երևալ և կիրակի օրերն էլ՝ ժամի բակը։
Նրան հաճախ տեսնում էին քաղաքի Վարի թաղը։ Սա բոլորովին անսովոր երևույթ էր։ Այդ թաղում նա ո՛չ ազգական ուներ, ո՛չ էլ բարեկամ։
Վարի թաղում մենակ, փոքրիկ և խարխուլ մի խրճիթում ապրում էր Թագուկ Տուտուն, մի այրի, որի ամուսնուն տարիներ,