Այս էջը հաստատված է

Թե Ավետիս Ամուճան ինչպես վերջացրեց այդ հարցը, ո՜չ ոք չիմացավ։

Ավետիս Ամուճայի համար սկսվեց նոր մի կյանք, ինչպես գիշերից հետո լուսաբացը, աշխույժ, ոգևորված և ուրախ։

— Աշխարհքն աղեկ բան է եղեր, ես չէի գիտեր,— ասում էր նա բոլորին։

Մի քանի օրվա րնթացքում Թագուկ Տուտուն վերականգնեց հին տունը, մաքրեց, դարսեց, լվաց, արդուկեց, կարկատեց։ Տան ամեն մի առարկան սկսեց ծիծաղել, ինչպես առաջ, ամաններն ստացան իրենց նախկին փայլը։

— Ամա՜ն, Թագուկս, հոգուդ ղուրբան ըլլիմ, դուն էզիյեթ[1] մի՛ քաշեր, ե՛ս կենիմ։

Եվ շտապում էր նա օգնելու Թագուկ Տուտուին, չթողնե­լով որ, գեթ իր ներկայության, ամենաթեթև իրն անգամ վերցնի և տեղափոխի, այն մարդը, որ կես դարից քիչ պակաս ապրել էր մի ուրիշ կնոջ հետ և, ինչպես ասում են, մատը մատին չէր թաթխել։

Նրա թախիծին ծանոթները երբ հանդիպում էին նրան և չիմանալով, որ ամուսնացել է, զարմանում էին՝ տեսնելով նրա փոփոխությունը, հարց էին տալիս.

— Ի՞նչ եղավ, որ էսպես…

— Չե՜ս ըսեր՝ կարգվա։

— Հա՞։ Ինտո՞ր է։

— Խայմախի[2] պես։

Ավետիս Ամուճան, թեև զգալիորեն կզած, բայց կարծես թռչկոտում էր, այնքան բարձր տրամադրության մեջ էր։

Երբ Թագուկ Տուտուն օղին բերում էր, դնում Ավետիս Ամուճայի առաջը, նստում կողքին և ասում՝ «Անուշ ըրե», Ավետիս Ամուճան իրեն զգում էր երջանկության յոթերորդ երկնքում, աճապարում էր իր թևի տակի կակուղ բարձը վերցնել և դնել Թագուկ Տուտուի կողքին, որ վրան հենվի։

— Կողերդ չցավի, մեղք ես, Թագո՛ւկս,— շշնջում էր նա։

Եվ ակնարկելով բարձի բրդին, ավելացնում էր.

— Լուսահոգին է չփխեր։

  1. նեղություն
  2. կաթնասեր