Այս էջը հաստատված է

Ավետիս Ամուճան այնքան երիտասարդություն էր զգում իր մեջ, որ խանութում մեկ աշխատանքի տեղը տասն էր անում։

Ժամանակի ընթացքում Թագուկ Տուտուն, որն սկզբում բավական տատանվել էր իր խրճիթը ծախելու և ճակատա­գիրը կապելու Ավետիս Ամուճայի հետ, գտավ, որ այդ չեչոտ և տափակ քթով, մազակալած ականջներով, մեծ բեղերով, ֆիզիկապես գրեթե այլանդակ մարդու մեջ կար ջերմագին մի սիրտ։

Երբ Թագուկ Տուտուն ձավար կամ այլ բան փռում էր կտուրը, որ չորանա, Ավետիս Ամուճան ժամերով նստում էր կտրի ծայրին, ծխում և հսկում, որ ճնճղուկներն ավերում­ներ չանեն։ Եվ դա անում էր ուրախ սրտով, առանց ջղայնա­նալու։ Իրերը շալակում էր, բարձրանում կտուրը, կտուրից վար բերում, էլի բարձրանում, էլի վար բերում, և՝ ո՛չ մի հոգնություն, ո՛չ մի սրտնեղություն։

Եթե պատահեր, որ Թագուկ Տուտուն բաժակը ջուր լցներ խմելու և մի ումպ կուլ տալուց հետո կանգ առներ, թե՝ տա­քացել է, Ավետիս Ամուճան անմիջապես ձեռքիցն առնում էր բաժակը և չէր թողնում, որ խմի.

— Քիչ մը բեքլեմիշ ըրե, երթամ թաժա ջուր բերիմ։

— Չէ՜, թող խմիմ, ջեննե՜մ…

— Չէ՛, երթամ բերիմ։

Եվ ծերունին վազում էր աղբյուր՝ մանրիկ քայլերով, ուրախ և աշխույժ, թարմ և սառը ջուր բերում, որ Թագուկը խմի։

— Էս ջրին պես երկար ըլլիս, մա՛րդ,— ասում էր Թագուկ Տուտուն խմելուց և կռթալուց հետո։

— Բերանդ պագնիմ, Թագո՛ւկս,— բացականչում էր Ավե­տիս Ամուճան։

Շատ անգամ էր պատահում, որ Ավետիս Ամուճան ժա­մանակից առաջ խանութը փակեր և տուն վազեր։

— Ո՞ւր էսպես,— հարցնում էին խանութի հարևանները։

— Երթամ տեսնամ կնիկս ի՞նչ կենե, հազար տարի է չիմ տեսեր,— պատասխանում էր Ավետիս Ամուճան և շտապում դեպի տուն։