Այս էջը հաստատված է

կախվել։ Թագուկ Տուտուն ուրախության արցունքներով փա­թաթվեց նրա վզովը և ասաց.

— Քա՛, ո՞ւր գացիր, կարծեցի քի կինե[1] աշխըրքի մեջ մինակ մնացի։

— Գացի ասմա խաղող բերի, որ ուտես, Թագո՛ւկս,— ասաց Ավետիս Ամուճան և հպարտությամբ խաղողը դրեց նրա առաջը։

— Քա՜, —բացականչեց Թագուկ Տուտուն։

Ձմռան կեսգիշերին, փոքրիկ խրճիթի մի սենյակում, լամպի աղոտ լույսի տակ, ծաղկում էր մի սեր, որ ավելի խորն էր, քան որևէ երիտասարդ զույգի սերը։

Երբ Ավետիս Ամուճան փորձեց ձեռքով պոկել բեղերի սառույցի կտորները, Թագուկ Տուտուն չթողեց.

— Բեղերդ կցավի, քիչ մի բեքլեմիշ ըրե,[2], կլկի։

Ավետիս Ամուճան ականջ չկախեց, պոկեց սառույցը, թաշկինակով չորացրեց բեղը և ասաց.

— Կե՛ր, տեսնամ։

— Դո՛ւն ըլ կեր։

— Հըլա դո՛ւն կեր։

Ավետիս Ամուճան անսահման հրճվանքով դիտում էր Թագուկին, որ սմքած, բայց շաքարի պես քաղցրացած խաղողի հատիկները հատիկ-հատիկ դնում էր բերանը, ծամում։

— Քեֆդ եկա՞վ, Թագու՜կս,— ի վերջո հարցրեց Ավետիս Ամուճան։

— Էն էլ ինչպե՜ս…

Ավետիս Ամուճան մոտեցավ նրան, մի ձեռքը դրավ նրա գլխի ետևը, մյուս ձեռքով բռնեց և վեր բարձրացրեց ալեխառն մազերի մի փնջիկ և ասաց.

— Աս մազը կա՞ յա, աս մազը քսան տարեկան աղջկան մազերի հետ չեմ փոխեր, կե՛ր, Թագու՜կս, կե՛ր։

Երբ Թագուկ Տուտուն խաղողը կերավ և վերջացրեց՝ ի տրիտուր Ավետիս Ամուճայի հերոսական սիրո, զգուշության համար չորս կողմը նայելով, որպեսզի ոչ ոք չլսի, ասաց.

— Աս գիշեր ծոցդ գամ…

  1. դարձյալ, կրկին, նորից
  2. համբերե