Այս էջը հաստատված է

Դագաղը իջեցրին փոսը և սկսեցին հողը լցնել։

Ավետիս Ամուճան էլ չկարողացավ նայել, ետ քաշվեց, աչքերը հառեց երկնքին, ինչ֊որ շշնջաց դողդոջուն շրթունք­ներով, ապա աչքին զարկավ Գուվար Քորոյի գերեզմանը, որ գտնվում էր հիսուն քայլ հեռու, նայեց, նայեց և սկսեց քայլել դեպի նրան։ Գնաց, չոքեց Գուվար Քորոյի հողակույտի վրա, արցունքի մի նոր ուղխ ողողեց նրա աչքերն ու հոգին, և ասաց.

— Թագո՜ւկս ըլ մեռավ, Գուվա՛ր, իրարու աղեկ նայեցեք՝ մինչև ես ըլ գամ։

Մինչ այդ հուղարկավորներն անտարբեր էին, թաղում էին մի պառավ կին, բայց երբ Ավետիս Ամուճան գնաց և սկսեց ողբը շարունակել Գուվար Քորոյի հողակույտի վրա, բոլորի աչքերն էլ խոնավացան։

Երբ տուն բերին Ավետիս Ամուճային, տանն ավելի ողբագին շարունակեց լացը և ասաց.

— Աշխըրքի մեջ մինակ երկու գերեզման ունիմ, ուրիշ բան չունիմ…


1934 թ.