Այս էջը հաստատված է

Պոլիս՝ Օտյանն իր բարձր հեղինակությամբ աջակից եղավ նրա մեծ առաքելությանը։ Արևմտահայ գրականության ամենամեծ անունն էր Երվանդ Օտյանը, ուստի և նա եղավ Պոլսում Թումանյանի հիմնած Հայ արվեստի տան (Հայարտուն) նախագահը։ Շատ ժամանակ պետք չի եղել երկու համախոհ գրողներին մտերմանալու համար։ Թումանյանի դուստրը գրի է առել հոր մի խոսքը, որ նա ասել է Պոլսից վերադառնալուց հետո. «Միակ մարդը, որ սիրում էի Պոլիս — Երվանդ Օտյանն էր։ Մոտս էր գալիս շուտ-շուտ։ Թեև խմում էր, բայց երբեք իրեն չէր կորցնում»[1]: Մարդկային շատ մեծ արժանիքներ պետք էր ունենալ Ալեքսանդր Շիրվանզադեի դժվար համակրանքին արժանանալու համար։ Նշանավոր երգիծաբանն ունեցել է այդ արժանիքները և նշանավոր վիպասանը պարզապես համակվել է նրա հմայքով. «Նրա հոգեկան հարստությունն էին բարությունը, մարդասիրությունը և սերը դեպի գեղեցիկը։ Նա արտիստ էր ոչ միայն էպիկուրյան իմաստով, այլ հոգեկան բարձր ու աննյութական պահանջներով։ Նա օղու բաժակների մեջ խեղդում էր միայն բացասականը, ավելի զորեղ արտահայտելու համար դրականը»[2]։ Պոլսում եղած ժամանակ, 1921-ին, «Վերջին լուր» թերթին տված հարցազրույցի մեջ Հովհաննես Թումանյանը հայտնել է, որ Խորհրդային Հայաստանի կառավարությունը կենսաթոշակ է հատկացրել գրականության և գեղարվեստի գործիչներին, նրանց մեջ նաև Երվանդ Օտյանին, «որուն «Փանջունին» կարդացվեր և գնահատվեր է Երևանի կոմիսերներու կողմե»։ Այսուամենայնիվ, Օտյանի երկը մեզանում լույս չտեսավ։ Կարելի է հասկանալ սփյուռքահայ հայտնի գրող և բանասեր Օտյանի եռագրությունը լույս ընծայած «Սևան» հրատարակչական տան տնօրեն Սիմոն Սիմոնյանի տարակուսանքը, թե ինչու Օտյանի երկերի երևանյան հրատարակությունների մեջ կըպակսի մի միայն «Ընկեր Փանջունին»՝ իր գլուխգործոցը։ Զարմանալի չէ... Պիտի նմաներ Սերվանդես տպել առանց... Տոն Քիշոթի»[3]։ Պատճառը երկի սխալ ընթերցումն է, թյուրըմբռնումը, ծայրահեղ զգուշամտությունը՝ հանկարծ ու մի բան չպատահի, վախը սեփական ստվերից, որ այնքան ավերմունքներ է գործել մեր կյանքում, արվեստի, գրականության ասպարեզում՝ առավել ևս։


14

  1. Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, էջ 248
  2. Ալ. Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ. VIII, 1961, էջ 525։
  3. «Ընկեր Փանջունի տարագրության մեջ», Բեյրութ, 1969, էջ 77։