— Ծո՛, ի՞նչ ես ըրեր անոթը։
— Շինեցի, հայրի՛կ,— կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը։
— Ծո ի՜նչ շինել, կոտրեր ես, շա՛ն զավակ։
— Չէ՛, հայրիկ, շինեցի.— Կը պնդե տղան։
Ի զո՜ւր հայրը երկար-բարակ կը բացատրե թե՝ երբ առարկա մը գետին նետելով կտոր-կտոր կ՚ընենք, այդ գործողությունը շինել բայով չի բացատրվիր այլ կոտրել։ Անկարելի եղավ բառագիտական այդ նրբությունը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մեջ գտնված գավաթները, պնակները, շիշերը կոտրտել և ամեն անգամ որ «Ի՞նչ կ՚ընես կոր» ըսելով զինքը կը հանդիմանեին, անդրդվելի ու անխռով կը պատասխաներ.
— Կը շինեմ կոր։
Դպրոցին մեջ Փանջունի ընկերներուն հետ վիճելով ու ճառ խոսելով ժամանակ կ՚անցըներ, իսկ դասերուն բնավ չէր հետևեր, չհավնելով կա՛մ դասատուին, կա՛մ դասագրքին, կա՛մ դասարանին և կամ տետրակին ու գրչի ծայրին։
Օր մը թվաբանության խնդրի մը մասին վեճ ունեցավ իր դասընկերներեն մեկուն հետ։
— Հինգ անգամ հինգ՝ քսանըհինգ կ՚ընե,— կ՚ըսեր ընկերը, որ ողջամիտ տղա մըն էր և որ հետո հարուստ վաշխառու մը եղավ։
— Չէ՛,— կը համառեր Փանջունի,— հինգ անգամ հինգ՝ հիսուն կ՚ընե։
— Ո՜չ, քսանըհինգ կ՚ընե։
— Հիսուն կ՚ընե։
Մյուսը տեսնելով որ դժվար,— ի՜նչ կ՚ըսեմ անկարելի,— է խոսք հաս-