Այս էջը հաստատված է

Ամիս մը ետքը մեր հերոսը ճամբա ելավ դեպի Պուլկարիա` «կենաց բանը» քարոզելու, հետո անցավ Հունաստան, հետո՝ Եգիպտոս և ի վերջո Պարսկաստան և Կովկաս։ Իր տաք, համոզված, եռանդուն և անխոնջ պերճախոսությունը կը հրդեհեր սառած հոգիները, կը պրկեր, կը զորացներ թուլցած ջիղերը և կը խանդավառեր միամիտ էությունները։ Իր պաշտոնն էր ֆետայիներու հրոսախումբեր կազմակերպել ու զանոնք երկիր ղրկել, ինք մնալով արտասահմանի մեջ։

— Մենք ժամկոչներու կը նըմանինք,— կ՛ըսեր հաճախ,— զանգակահարությամբ ուրիշները կը հրավիրենք ու եկեղեցի կը մտցնենք, իսկ մենք դուրսը կը մնանք։

— Կեղտո՜տ արարած,— գոչեց Փանջունի:

Ազնի՜վ անձնազոհություն։ Փանջունի հեղափոխական այս տենդոտ գործունեության մեջ էր պարսկական սահմանագլխին վրա, երբ հանկարծ լուր ստացավ թե Սահմանադրությունը հռչակված է Թուրքիո մեջ4, բանտարկյալներու ընդհանուր ներում եղած է, մամուլի ազատություն տրված է և թե ամեն մարդ ազատորեն կրնա Թուրքիա մտնել։ Այս անակնկալ եղելությունները ափ ի բերան թողուցին մեր հերոսը։

— Մեր գործը պրծա՜վ,— մտածեց մելամաղձոտ մտատանջությամբ մը։

Սակայն Փանջունի իր հստակատեսությանը մեջ կը սխալեր։ Բուն գործը հիմա պիտի սկսեր։ Երբ քանի մը շաբաթ ետքը ստացավ Կ. Պոլսո հայ թերթերը, երբ տեսավ կուսակցություններու խելահեղ արշավանքը նույն «Բյուզանդիոնի» վրա, երբ կարդաց խոսված ճառերը, պոլսեցիներու միամիտ խանդավառությունը, «Ազատությունը մենք բերինք»–ի հրաշալի գյուտը, ավելի սահմռկեցուցիչ քան Մարքոնիի անթել հեռագիրն ու ռեոնթկենյան ճառագայթները, այն ատեն մեր գործիչը լայնեզր գլխարկը գլուխը դրավ, պայուսակը ձեռք առավ և օր մըն ալ օդաքարի մը պես ինկավ Պոլիս, ինքն ալ իր կարգին քիչ մըն ալ ճաթեցնելու համար տրամադիր գլուխները։

28