կան գործիչների մասին գրելու համար, իսկ այդպես նա վարվել է իր գրական կյանքի սկզբից ի վեր։ Այս առումով Օտյանը եզակի տեղ է գրավում հայ գրականության մեջ։ Իսկ Հակոբ Պարոնյա՞նն իր նշանավոր «Ազգային ջոջերով»։ Հակոբ Պարոնյանը վախճանվել է 1891-ին, երթ հայ քաղաքական կուսակցությունները նոր էին ձևավորվում, դեռևս այնպիսի գործունեություն չէին ծավալել, որպեսզի հասարակական մեծ ուշադրության առարկա դառնային[1]։ Դա է պատճառը, որ Պարոնյանն ազգային գործիչներին և մեծատուններին դատում և անխնա ծանակում էր ոչ թե ըստ քաղաքական, այլ բարոյական չափանիշների։ Քաղաքականի ժամանակը դեռ չէր եկել։ Կուսակցական գործիչներին ծաղրելու խնդիրը ժամանակը վերապահել էր Օտյանին, և նա պատրաստ էր դրան։ Իր մեծ նախորդից առնելով հայ երգիծաբանության ավանդները, նա այդ գործին ձեռնամուխ եղավ եզակի հետևողականությամբ ու տարավ մինչև իր կյանքի վերջը։ Ամեն մի շարժում, առավել ևս քաղաքական շարժում, իր հետ բերում է նաև պղտոր փրփուր, բերում է գաղափարներ շահագործող շառլատաններ, պատեհապաշտ և արծաթասեր գործիչներ, ժողովրդին վնաս բերող պոռոտախոսներ։ Հենց նրանք էլ դարձան Երվանդ Օտյանի անվրեպ ծաղրի ու ծանակման առարկան։ Եվ դա է ամենից կարևորն ու մնայունը նրա ծովածավալ գրական ժառանգության մեջ (թերևս նա է հայ գրողներից ամենաբեղմնավորը), դրանով է նա գրավում իր անփոխարինելի տեղը հայ գրականության պատմության մեջ։
Գրողի ստեղծագործական նկարագիրը պայմանավորված է իր կյանքով ու կենսագրությամբ։
Նա Օտյանների նշանավոր գերդաստանի զավակն էր (ծննդյան թիվը՝ 1869), հասակ էր առել ու դաստիարակվել գրողների ու գրական մարդկանց միջավայրում։ Նրա պապը, երբեմնի գյուղացի և շինարար բանվոր, Օսմանյան կայսրության մայրաքաղաքում հասել էր արքունի ճարտարապետի աստիճանի։ Հայրը՝ Խաչիկ Օտյանը, նույնպես գրական նախասիրությունների տեր մարդ, գրող ու լրագրող, մտերիմ է եղել Միքայել Նալբանդյանի հետ այնքան, որ վերջինս 1863-ին Պետերբուրգի բանտում գրած իր նշանավոր «Կրիտիկան» ձոնել է նրան։ Հորեղբայրը՝ Գրիգորը, եղել է իր ժամանակի ու միջավայրի ամենակրթված մարդկանցից մեկը, մեծ դիրքի հասած մարդ, այն աստիճան, որ 1875—76-ին Միդհաթ փաշայի հետ մասնակից է եղել 1876 թ. Օսմանյան սահմանադրության ստեղծմանը:
- ↑ հայ քաղաքական առաջին՝ արմենական կուսակցությունը հիմնվել է 1885-ին, հնչակյան կուսակցությունը՝ 1887-ին, հայ հեղափոխական դաշնակցական կուսակցությունը՝ 1890-ին, ռամկավար կուսակցությունը՝ 1908-ին։