Նա է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների ծրագրի նախագծի հեղինակը, մի այնպիսի առաջադեմ գործիչ, որին ևս Նալբանդյանը գնահատել է մեծապես։ Անուշավան Մակարյանը, Օտյանի ստեղծագործության ուշադիր հետազոտողը, գրել է. «Ապրելով ու դաստիարակվելով այսպիսի ընտանիքում, Երվանդ Օտյանը բազմակողմանի հոգածության և խնամքի առարկա է եղել։ Գրիգորի անմիջական հսկողությամբ նա ձեռք է բերել ժամանակի համեմատությամբ լավագույն կրթություն ու դաստիարակություն՝ սովորելով գլխավորապես մասնավոր ուսուցիչների, Կալաթա-Սերայի ֆրանսիացի դասախոսների և պրոֆեսորների մոտ»[1]։
Այսպիսի միջավայրում է ձևավորվել ապագա գրողի դեմոկրատական աշխարհայացքը, որին նա հավատարիմ մնաց մինչև կյանքի վերջը։
Օտյանի գրական ձիրքը երևացել է վաղ հասակից։ Դեռևս տասնութամյա պատանի՝ սկսել է տպագրվել մամուլում։ Երիտասարդ գրողի համար բարեբախտություն էր, որ իր ստեղծագործական ճանապարհի սկզբում արդեն արժանացավ Արփիար Արփիարյանի նման գրողի ուշադրությանն ու հովանավորությանը։ (Մեջբերեմ «Առաքելություն ի Ծապլվարի» 1911 թ. հրատարակության ընծայագիրը. «Նվեր բարեկամիս ու վարպետիս՝ Արփիար Արփիարյանի հիշատակին»։) 1892-ից նա դարձել է Արփիարյանի հիմնադրած «Հայրենիք» պարբերականի աշխատակիցը, որին վստահվել է երգիծանքի բաժինը։ Ամեն ինչ եղավ այնպես, որ նա իր գրվածքներով հաջողություն գտնի և գրավի Հակոբ Պարոնյանի թափուր թողած տեղը։ Ի դեմս նրա ընթերցողները տեսան մեծ երգիծաբանի ընդհատված ճանապարհը շարունակողին՝ բացառիկ պատիվ նորընծա գրողի համար։
Երգիծաբանությունն, ինչպես ամեն մի գրական ժանր, իր օրենքն ունի, և այդ օրենքը կյանքի ինչ-ինչ երևույթների քննադատությունն է՝ ծաղրի, ծիծաղի, հեգնանքի, հումորի միջոցներով։ Երգիծաբանությունն իր ծաղրի ավանդական հասցեներն ունի՝ հոգևոր և աշխարհիկ ապիկար գործիչներ, կեղծ բարեպաշտներ, խաբեբա վաճառականներ, ընչաքաղց պաշտոնյաներ, սուտ բարերարներ, փառամոլ մեծատուններ... Սրանք ոչ միայն Օտյանի, այլև Պարոնյանի ծաղրի հասցեատերերն էին՝ ազգային ջոջերը։ Բայց Օտյանը, որի գիտակցական կյանքը համընկավ ազգային կուսակցությունների բուռն և իրարամերժ գործունեությանը, ընդլայնեց իր երգիծանքի տեսադաշտը՝ դրա մեջ առնելով հենց այդ գործունեությունն իր խայտառակ գործիչներով։ Դա ժամանակի պահանջն էր և իր՝ Օտյանի ներքին պահանջը։
- ↑ Երվանդ Օտյան, Երկերի ժողովածու վեց հատորով, հատոր I, Երևան, 1960, Ա. Մակարյանի առաջաբանը, էջ VII։