Այս էջը հաստատված է

Եթե սոցիալիստ է՝ անգիր գիտի ինչ են ասել Մարքսն ու Էնգելսը, բայց բնավ չգիտի թե ո՛ւմ, որտե՛ղ, ի՛նչ պետք է ասի ինքը, դուրս է տալիս նրանց բառերն ու նախադասությունները և վերջ ի վերջո տեռորն է իր իդեալը՝ անհատական թե մասսայական, իբրև իր ներքին անկարողության ապոֆեոզը»[1]։ Սա հենց Փանջունու դիմանկարն է։ Դժվար է գտնել Օտյանի հերոսի ավելի ստույգ բնորոշում, քան տվել է Թումանյանը՝ Օտյանի տարեկիցն ու գաղափարակիցը։ Թումանյանի դուստր Նվարդը թողել է վկայություն. «Եր. Օտյանի «Առաքելություն մը ի Ծապլվար» գիրքը շատ էր հավանում և կարդում էր մեծ հաճույքով։ Գրախանութներից մեկում տեսել էր, հինգ-վեց օրինակ գնել։ Երկուսն իր գրադարանի համար պահեց, մյուսները բաժանեց ընկեր գրողներին։ Երեկոները, երբ հյուրեր էին գալիս մոտը, «Ծապլվարից» հատվածներ էր կարդում մեծ բավականությամբ»։[2] Ո՞վ իմանա, «Զինվորագրվել են...» հոդվածը գրելիս Թումանյանն աչքի առաջ չի՞ ունեցել Փանջունուն։ Շատ հնարավոր է։ Այսպես թե այնպես, Փանջունին հենց այն գաղափարագարն է, որ դուրս է տալիս մեծ գաղափարներից՝ առանց դրանց մասին գաղափար ունենալու, շաղակրատում է սոցիալիզմի (ընկերավարության) անունից՝ ավերելով սոցիալիզմի գործը, երդվում է ժողովրդի անունից՝ քանդելով ժողովրդի տունը։ Լսել է դասակարգերի ու դասակարգային պայքարի մասին՝ կարծում է, թե խեղճ ու կրակ Րես Սերգոն հենց շահագործող դասակարգն է և նրա տանը գործ անելով մի կտոր հացի տեր դարձող Խև Ավոն՝ շահագործվող դասակարգի ներկայացուցիչը։ Ուրեմն, Փանջունու «գործը պիտի ըլլա նախ կազմակերպել դասակարգային բաժանումները»։ Լսել է, որ դպրոցը չպետք է դառնա բուրժուական և կրոնական դաստիարակության ասպարեզ, և կարծում է, թե Ծապլվարի դպրոցն է այդ ասպարեզը՝ «իբրև կուսակցական մենք պարտավոր ենք ազատամիտ և անհավատ ըլլալ»։ Ուրեմն՝ պետք է կործանել այդ դպրոցը։ Եվ մինչև գործիչն իր նպատակին չի հասնում՝ չի հանգստանում։ Լսել է կնոջ ազատագրության՝ էմանսիպացիայի մասին, բայց չգիտե ինչն ինչոց է և «Կեցցե՜ ազատ սերը», «Անցկի՜ ամուսնական ստրկությունը» կոչերն ինչ աղետներ կարող են բերել Ծապլվարի գլխին։ Լսել է հեղափոխական պայքարի մասին և կարծում է, թե «առանց արյունահեղության» անհնար է «մի լավ բան դուրս բերել», շատ էլ դժգոհ է, որ Րես Սերգոն «նույնիսկ կարող չէ ունենալ իր դասակարգին պահանջած սև ոգին»։

  1. Հովհ. Թումանյանն, Երկերի ժողովածու, VI, 1959, Էջ 242։
  2. Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, 1987, Էջ 69։