դասակից կեղտոտ պուրժուայի խոսքերը, ըսելով որ իրենք պատրաստ էին ամեն գոհացում տալ մեզի որպեսզի վերջ գտներ Ծապլվարի մեջ գաղափարային հեղափոխական ազնիվ պայքարը, որում «անխորհուրդ իրարանցում» անունը կու տար միջնադարյան ճիզվիթականության այդ սևհոգի ներկայացուցիչը։ Հարկ եղավ բացատրել իրեն թե՝ հեղափոխությունը չի կրնար ընդունիլ երբեք կղերականության կողմե տրված խրատները, թե պայքարը սկսած է և կարելի չէ կասեցնել անոր հառաջխաղացությունը։ — Բայց ի՞նչ է ձեր նպատակը,— պնդեց այդ խավարամիտ տերտերը։ Իբր թե հեղափոխական ազնիվ պայքար մղելու ձհամար անձրաժեշտ ըլլար նպատակ մը ունենալ և թե անկեղծ ու անձնվեր հեղափոխականի մը համար պայքարն արդեն նպատակ մը եղած չըլլար։ Այդ ապականված ու այլասերած էություններուն համար, որոնց ամեն մը քայլը մի շահամոլական նպատակ ունի, կարելի չէ ըմբռնել թե մի մարդ կարող է մի ոևէ գործունեություն ցույց տալ առանց նրա ծայրը անպատճառ մի օգտակարություն լինելու։ Անշուշտ Տեր Սահակի նման հետադիմական ուղեղները չեն որ պիտի կրնան հասկնալ «պայքարը պայքարի համար» իմաստասիրական սկզբունքը, ուստի լավագույն համարեցի չպատասխանել: Բայց Խև Ավո որ ներկա էր և որուն հեղափոխական դաստիարակությունը տարօրինակ զարգացումի կը հասնի հետզհետե, Տեր Սահակի այդ փրովոքացային չկարողացավ համբերել և նրա խալփախը15 քաշեց, դուրս շպրտեց պատուհանեն, ըսելով. — Ահա՜ մեր նպատակը։ Խև Ավոյի այդ արարքը և կարճ խոսքը, ինչպես կը տեսնեք, իրենց մեջ կը խտացնեն մեր ամբողջ հեղափոխական գործունեության փսիխոլոգիան։ Տգետ տերտերն իհարկե չհասկցավ այս ձևով իրեն տրված պատասխանին հոգեբանական բարձրությունն և նույնիսկ համարձակեցավ բողոքելու։ Անմիջապես փաստացի կերպով ցույց տվի իրեն թե՝ բրովոքացիան իր կողմե եղած էր, թե՝ ինքն էր նախահարձակը և ընկեր Ավոյի արարքը
Էջ:Ընկեր Փանջունի.djvu/77
Այս էջը հաստատված է