Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/102

Այս էջը հաստատված է

դուռն են տանում հիվանդ երեխային և անձրևին գիշերում խոնավ մատուռում՝ փոխանակ բժշկին կանչելու և այլն։ Իսկ ովքեր ըմբոստ են՝ բռնում են հանցանքի ուղին. «Ջերմաչափից» դժգոհ գիշերօթիկները աղ են ածում նրա եփած կերակուրի մեջ, որ վռնդել տան նրան՝ չուզենալով համակերպել նրա «կարգ ու կանոնին»։ Ահել մարդու դեռատի կինը իր վիճակը փոխելու համար նախ սիրաբանում է իր ծառայի հետ, վերջը թունավորում իր մարդուն (Սատանա)։ Եվ... մարսում են թե կինը, թե գիշերօթիկները...

Իսկ ովքեր օրինավոր կարգով փորձում են «ճակատագրի» դեմ գնալ՝ հանդիպում են անհաջողության և համակերպում են, ինչպես երևանցի անզավակ զույգը, որ փորձում է բազմազավակ մի գյուղացու աղջիկներից մեկին որդեգրել ու չի հաջողում։ «Ոչինչ, ոչինչ,– մխիթարում է կնոջը, երբ որդեգիր տված երեխային կայարանից հետ են տանում գյուղ,– երևի Աստված էդպես է կամեցել՝ Նրա կամքն է. մեր ճակատին երեխա չի գրած» (Անհայտ թելեր)։ «Ինչպես երևում է, Տերը բարկացել է ինձ վրա. նա չի ուզում, որ ես մի ժառանգ, մի հիշատակ թողնեմ այս աշխարհի վրա... Որդիներս խլեց... ծառերն էլ շատ համարեց...»,- ասում է «Ծեր Սոսին» և այդ խոսքերով հոգին ավանդում։ Զո՜ւր է մաքառման ամեն փորձ. համակերպիլ– ուրիշ ելք չկա... Ստ. Զորյանի «հերոսները» թփրտում են մի քանի վայրկյան անողոք ու բիրտ ուժերի ճանկում և... հանգստանում։ Եվ նորից սովորական կյանքն ընթանում է իր ճամփով դանդաղ, միօրինակ, մենակ ու տխուր, մինչև մահը գոցում է տեսարանը սև վարագույրով։ Եվ այսպես «ամեն օր», անցնում է կյանքը միօրինակ բնության ծոցում, որի անտարբեր տեսքը քնարական տրամադրություն է բերում հեղինակին։

Ահավասիկ միայնությունը. «Այժմ սպիտակ տան մեջ ծերունին ապրում է մենակ՝ իր շան հետ միասին։ Շուտ շուտ նա իջնում է գյուղ և այցելուն պառավի գերեզմանը։ Հաճախ նա նստում է իր կացարանի շեմքին և հայացքը հեռուն նետած՝ հիշում է իր պառավին ու ինչ որ լուռ դնդնում ինքն իրեն։ Երբեմն էլ,– այս լինում է առանձնապես երեկոները,- երբ մութն իջնում է աշխարհի վրա, նա դառնում է ոտքերի մոտ պառկած շանը և խոսում նրա հետ– էդպես՝ Բողար, «այ տո»–ն էլ չկա,– ասում է նա մեղմ, մտերիմ ձայնով,– նա մեզ մենակ թողեց ու գնաց։ Նա էլ չի գա, Բողար, էլ չի գա։ Անխիղճ այ տո, խեղճ այ տո։

Շունը դունչը թաթերի վրա դրած՝ լուռ նայում է տիրոջ դեմքին ու աչքերը խոնարհում։ Նա հասկանում է, որ խոսքն այն պառավի մասին է, որն իր համար լափ էր պատրաստում և որը հիմա ուր որ գնացել է։