Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/104

Այս էջը հաստատված է

է գետին, համբուրում հողն ու հոգին փչում գերագույն համակերպությամբ։

Այսպես է երևում կյանքը Ստ. Զորյանին - միօրինակ ու տխուր տևումով- և տրտմությսւմբ լցնում նրա նկուն սիրտը։ Իր «հերոսների» պես ինքն էլ բարի սիրտ ունի և անզոր է զգում իրան «ճակատագրի» դեմ։ Նա տեսնում է իրար տարակա մարդիկ, հոգով, մտքով ու կամքով աղքատիկ, բայց սրտով բարի, ամեն մեկը իր խաչը կրող՝ անջատ, ինքնամփոփ, շարունակ՝ և անզոր իրանց բախտը փոխելու կամ իրանց անճարակության, կամ արգելքի բրտության, կամ նրա անխուսափության պատճառով։

Եվ քանի Ստ. Զորյանի հոգին կմնա նկուն, հակված դիտելու և զգալու կյանքի մեծ ճամփից դուրս շպրտվածների տխուր վիճակը, նա միշտ կմնա մանր պատկերների հեղինակ, որովհետև համակերպվում են անհատները, իսկ խմբերը մաքառում են. առկայծող ու մեղմ բարության կողքին կա բոցավառ բարություն, որ հրդեհում է բազմություններ և լուսավորում է նոր հորիզոններ, ստեղծագործելով կյանքի նոր ձևեր ու կապեր։

* * *

Ստ. Զորյանի թե գրական շնորհքը և թե արվեստը մեծ չեն, բայց աչքի ընկնող են և զարգանալու ընդունակ։ Նա տիրանում է իր նյութին և մշակում է խնամքով։ Հմուտ չէ հայ լեզվին, բայց և անհաղորդ չէ նրա հոգուն. կշռել չգիտե բառերի ներքին արժեքը և ներուստ չի ապրում լեզուն, ուշադրությունը տված լինելով դեմը երևացող պատկերները գծելուն։ Իր աչքը սուր է կյանքի մանրուքը դիտելու և շատ հաճախ կարողանում է բնորոշը զատել և միարարել մի դեմք կամ մի կացություն պատկերելու համար։ Երբեմն հաջողվում է ամփոփ տողերով խոշոր բովանդակություն ուրվագծել ինչպես՝ «Գյուղացի Երեմի կենվորները նույնպես պատրաստվում էին քաղաք մեկնելու։ Դրանք սպիտակահեր, անզավակ ամուսիններ էին, բայց իրար սիրում էին ինչպես նորապսակներ, դողում էին մեկը մյուսի առողջության համար, ճաշին միմյանց մեկնում էին յուղոտ պատառներ, իսկ թեյի ժամանակ միշտ մի ավելորդ կտոր շաքար էին գցում միմյանց բաժակ, «թող քաղցր լինի» ասելով։ Նրանք երևանցի էին, իրենց ասելով ունեին սեփական տուն, խանութներ և խաղողի մի այգի» (Անհայտ թելեր)։ Ինքնաբերաբար գալիս է ձեր առջև այս ծեր զույգը ու երազում եք նրանց անցյալն ու ապագան։ Հաճախ հաջողապես կենդանագրում է մարդկանց, որ նշան է կերտող երևակայության։ Կարդացեք, օրինակ, «Ջերմաչափ» նկարագրությունը