Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/105

Այս էջը հաստատված է

ու եթե կարող եք՝ միք տեսնի ձեր աչքի առջև այդ անունը կրող վտիտ մարդուն՝ նրա ձմեռը բարձրացող ու ամառն իջնող ուսերով։ Հաջող և անակնկալ համեմատությամբ հաջողում է գամել պատկերը ձեր հիշողության մեջ, ինչպես. «Նրանք (մարդ ու կին) նայում էին դեպի իրենց մառանը, որի հին դռան վրա փայլում էր մի նոր կողպեք, ինչպես կեղտոտ փողկապի վրա ադամանդյա քորոց» (Հանցանք ու պատիժ)։

Իր դիտողության դաշտը գյուղն է և գավառական քաղաքը, որ նրա սուր աչքին շատ «անհասկանալի» և «պատահական» դիպվածներ են բերում։ Հասարակակական կյանքի մի քանի գավառական անդրադարձումներ նրա գրչի տակ ստացել են տիպական ամփոփում, հորինելով նրա երկու լավագույն պատկերը՝ «Հոգաբարձուն» և «Ընթերցողները»։ Պայմանադրաբար թույլ տալով, որ հոգաբարձուն կարող է մի երկար նամակով պատասխան տալ ավագ ուսուցչի գրության,– որ հորինվածքի արատը պետք է նկատել,– չէր կարելի ավելի սեղմ, ցայտուն և իրական պատկերել մեր դպրոցական կյանքի խեղճությունը։ Ավելի հաջող, թեև մի երկու տեղ կրճատելի և փոփոխելի մասերով պատկերած է մեր լրագրի գավառական ընթերցողը երկրորդ պատկերի մեջ։ Նույն դպրոցական կյանքը իր աղքատիկ բովանդակությամբ և չնչին կրքերով հաջողապես գծված է «Վերակացուի» մեջ, ուր տեսնում ենք հոգաբարձուներից մեկի կնոջ միջնորդությամբ հրավիրած և մյուս հոգաբարձուի աղջկա միջամտությամբ վռնդված վերակացուի սահմանափակ հոգին և անզոր պատվախնդրությունը։

Այս պատկերների մեջ արտացոլում է Ստ. Զորյանի շնորհքի մի տարրը - ծաղրը։ Մյուս տարրը քնարական ապրումն է հավերժական բնության, որ տեսանք «Պապն ու Թոռը» պատկերի մեջբերումներից։ Ձեռնթափ ծաղրի ենթարկվում են փոքրիկ մարդկանց անզոր ճիգերը ընդդիմանալու համակերպության հարկադրանքին։ Մինասը, որ իզուր ճգնում է բացատրություն տալ իր ունկնդիրներին Տրիեստի և Տրիենտի մասին, վերակացուն, որ մտածում է բողոքել իր արձակման դեմ և այլն։ Նկուն հոգու անզոր ծաղր է սա, ավելի շուտ մի հեգնանք, որ ձգտում չունի ոչինչ ուղղելու, ոչինչ խարանելու, ոչինչ խթանելու քանի որ մեկ է, չի կարելի «ընդդեմ խթանի աքացել»...

Աչքի ընկնող է Ստ. Զորյանի վերլուծական կարողությունը. այսինքն այն ընդունակությունը, որով նա մեկնում է «անհասկանալին», «պատահածը», որ կարելի է տեսնել «Ժամկոչ Անտոնը» և «Սատանա» պատկերներից. մանավանդ առաջինը, ուր նկատվում է մի գաղափարի տիրապետիչ բռնության զորացումը մի սահմանափակ և աղքատ հոգու մեջ։