Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/108

Այս էջը հաստատված է

հավերժության հույսն ու ապավենը։

Դրանցից մեկն է Ժագ Հակոբյան, որ մի նոր բողբոջ է մեր մշակույթի բազմադարյան ծառի վրա և ունի մեծարժեք կարողություններ այդ մշակույթը գունազարդելու և նոր տարրերով հարստացնելու։ Նա մի նոր հայ աչք է աշխարհի դիմաց և մի նոր հայ սիրտ, որ ներապրում է բնությունը։ Նա շարունակում է Մ. Մեծարենցի գիծը. նույն կարգի ոգի, բայց ոչ նույն։

Կնույնանամ այն ատեն բնության հետ միասին,
Երանգներով կլեցվիմ, համակ բույրեր կցոլամ,
Եվ թրթռուն իմ սրտեն՝ թել թել ձայներ կհոսին։

Այսպես է նա իր «Գաղտնի ճամբան» հատորի մեջ։ Նույն ոգին է նաև այս նոր հատորի մեջ, բայց մեկ տարբերությամբ. այնտեղ իր սիրտը բացված է բնության մեջ և բնության հանդեպ. նորաստեղծ Ադամն է դրախտի մեջ։ Այստեղ, չորս տարի հետո, նրա սիրտը զարթած է սեր ապրելու համար, նա գգում է Եվայի ներկայությունը։ Նա դեռ չի ճանաչում Եվային, բայց արդեն որոնում է շարունակ։ Մի վաղանցուկ համբույր և մի թեթև շոյանք բոցավառում են նրա երևակայությունը։ Հատորը դառնում է մի հարսներգություն, մի գունագեղ ու նրբին հեքիաթ, որ վերջանում է «երեք խնձորով»։ Մենք տեսնում ենք սիրո երազանքներ ու տենչեր, հուր բնազդի մանուկ թոթովանքներ, անհամարձակ վայելքների գեղազարդ հուշեր, սպասումներ, կարոտներ, պաղատանքներ և անեծքներ, ողոքներ ու քմայքներ, որ ծագում են նրա ներքին հորիզոնի վրա և դառնում են նուրբ և այլազան պատկերներ, որ խուժում են հոծ։

Իր նուրբ զգայությունները նկարելու համար Ժագ Հակոբյան օգտագործում է մեր լեզվի հարուստ բառամթերքը, պեղում ու հանում է անլուր բառեր, ստեղծում է նոր բարդություններ, զատում է արմատները և իբր անջատ բառեր կիրարկում։ Նա զգում է բառերի նկարչական և հնչական արժեքը և գիտակ է այն լույս ու ստվերին, որ բառերն ունին իբր դրկից։ Իր պատկերները խուռն են, հարաբարդ և վրձինի հետքն ավելի ծիր է, քան գիծ։ Պարզ ընթերցումը բառերի ժխոր է թվում, պետք է հատ-հատ կարդալ տողերը և բառերի հետքով պատկերներ գծել։ «Զգայությանց նկարիչ» է նա և ուրեմն հույզերի։ Մարդկային գաղափարները հույզի թալկացում են և գունազրկում։ Իր զգայությունները սակայն չափազանց թարմ են, նուրբ ու գունագեղ, ուստի նա գաղափարներ չունի։ Նա գզում է, ոչ թե մտածում, ուստի իր պատկերները ծագում են խուռն ու ձույլ, և ընթերցողին է մնում լուծել և զատորոշել։ Ամենից