Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/110

Այս էջը հաստատված է

արկածալից կյանքը (1858 թ.)։ Ամենաշատը երկու սերունդ զատում է նրանց իրարից, բայց ինչ տարբերություն անձի և աշխարհայացքի։

Մեկը ծնվում է հայրենի միջնաշխարհում, պարսիկ բռնության տակ, մտնում է վանք, զտվում անգլիական դպրոցում և աղոթք է գրում հայության բերանից. մյուսն արև է տեսնում մի հայաշատ գաղութում, ռուս իշխանության տակ, քահանայի ձեռքից կոնսիստորի միջով անցնում է համալսարան, մտերմանում Բակունինին և Հերցենին և կոչ է ուղղում հայության։ Երկուսն էլ աստանդական կյանք ունին, բայց մեկը թափառում է որոնելով հաց ու կայան իր մտքին. մյուսը ծովեր է չափում հանրային շահեր պաշտպանելու։ Երկուսն էլ մեռնում են տարագիր, ամբաստանված իբր խառնակիչներ՝ մեկը ազգային, մյուսը պետական կյանքի. մեկին սպանում է չարքաշությունը, մյուսին՝ բանտը։ Երկուսի միտքն ևս՝ պայծառ հարավից և մռայլ հյուսիսից՝ հածում է հեռավոր հայրենիքի շուրջը, երազելով նրա փայլուն ապագան. ու երկուսին էլ ժխտում է ժամանակի հոգևոր տերը՝ մեկին անտեսելով, մյուսին հալածելով։

Մ. Թաղիադյան և Մ. Նալբանդյան հանդես են բերում տարբեր տրամադրություն և տարբեր մտայնություն։ Առաջինը աշխարհիկ հայն է, որ նկատում է իրեն հայ եկեղեցու զավակ, բայց և հայ ազգի անդամ, և կուզեր, որ եկեղեցին աշխարհավարեր. նա գրում է գրաբար և վերջում միայն թեքվում է աշխարհաբարին։ Երկրորդը նույնպես աշխարհիկ հայ է, որ նկատում է իրեն հայ ազգի զավակ, բայց և հայ եկեղեցու անդամ, և կուզեր, որ եկեղեցին ազդակներից մեկը լիներ ազգային լուսավորության. նա հարգում է գրաբարը, բայց գրում է աշխարհաբար։ Մեկը տրտունջ ունի եկեղեցականից, մյուսը բողոքում է նրա դեմ, դատափետում, պարսավում։

Երկուսն էլ «հայ-քրիստոնյա» են, միայն Թաղիադյանի մտածումը կրոնական-ազգային է, Նալբանդյանինը՝ ազգային-կրոնական, այն տարբերությամբ նաև, որ մեկի միտքը չի դուրս գալիս ազգայնության սահմաններից, մյուսի ազգայնությունը հենարան է դառնում միջազգայնության, քրիստոնեությունը՝ ռամկավարության՝ ընկերավար հովերով a la Հերցեն։

Մ. Թաղիադյանի կրոնական-ազգային մտածումը, որ քաղաքական գունավորում է առնում Դորպատում, դառնում է ազգային-քաղաքական Նալբանդյանի գրչի տակ և ժառանգաբար անցնում Գ. Արծրունուն և Րաֆֆուն. այնուհետև երազները մարմնանում են կյանքի մեջ և դառնում քաղաքական-ռամկավար շարժում՝ ընկերվարական շերտավորումով։