Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/111

Այս էջը հաստատված է

Այս երկու նշանավոր հայերի տրամադրության ու մտայնության զուգահեռ՝ մեկի «Տեր, կեցո»–ն աղոթք է, մյուսի «Մեր Հայրենիքը»՝ կոչ։ Երկուսն էլ արդյունք ազգերի ազատության. մեկը հայի՝ պարսկական լծից, մյուսն իտալացու՝ ավստրիական։ Թաղիադյանը դիմում է Աստծուն, նրա ողորմությունը հայցում, որով հույս ունի ազգովին ապրելու այս աշխարհում, մյուսը դիմում է հայրենիքի քաջ որդիներին և ազգի բախտը կապում նրանց սուրբ արյան հետ։ Մեկը մաղթում է հաստատություն հայրապետական աթոռին և արի հովվապետին է վստահում ազգի բախտը։ Թշնամուց ազատված ազգն իր հովվապետի հովանու տակ - ահա մեկի իդեալը։ Իր քաջ որդոց սուրբ արյունով ազատված հայրենիք - ահա մյուսի իդեալը։

Բայց Նալբանդյանի «Մեր Հայրենիքը» կոչվում է «Իտալացի ադջկա երգ», բանաստեղծի բուռն տենչն է, որ այդպես հնչեր հայ աղջկա երգը և մեր հետագա պատմությունը ճգնել է սրբագրել այդ վերնագիրը և հաջողել է արդեն։ Այդպես են վկայում մեր բանաստեղծուհիները՝ Ա. Տիգրանյան և Վ. Աղասյան ... 25-30 տարի է արդեն, որ հայ աղջիկը եռագույն դրոշներ է կարում, արտասուքով լվանում և հոգով ընկերանում հայրենիքի քաջ որդիներին։ Եվ վաղուց է արդեն, որ «Մեր Հայրենիքն» արտահայտում է հայության ագգային զգացումն ու տրամադրությունը։

Սակայն մոտ է ժամանակը, երբ «Մեր Հայրենիքն» պետք է փոխարինե մի ուրիշ օրհներգ, որ դեռ չէ գրված։ Թյուրք անիրավ իշխանության վերացումով բացվելու են նոր ու ընդարձակ հորիզոններ արյունլվա, բայց մարտական հայության առջև։ Հայի ստեղծագործ հանճարը կստեղծե մի նոր «բուն ազգային երգ», որ կխտացնե մի կողմից մեր հերոսական պայքարը, մյուս կողմից մեր լուսաշող ապագան, ինչպես «Մեր Հայրենիքը» խտացնում էր մեր թշվառությունն ու ազատվելու տենչանքը ազգային մարտով։ Այդ նոր երգը կստեղծվի, անշուշտ, որովհետև մոտ է ժամանակը, երբ մեր հայրենիքն այլևս չի լինի «թշվառ ու անտեր և մեր թշնամուց ոտնակոխ»։

Հորիզոն, 1916, № 72։