Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/118

Այս էջը հաստատված է

հսկողները լուրջ ուշադրության և զբաղմունքի նյութ չեն դարձնում մեր ակնարկած հանգամանքը, լեզվի մասին խոսելիս՝ ոգին ու կազմը մի կողմ է մնում և քերականական ձևերն են հրապարակ գալիս ու գնահատություն ստանում։ Ահա պատճառները, որոնք այնքան անհարազատ ու խորթ են դարձրել մեր գրական լեզուն և քամում են նրա կենդանության խութերը, որոնք այն պատճառներն են, որոնք պետք է և կարող են ուշադրության նյութ դառնալ, որոնց պետք է և կարելի է վերացնել, եթե մեծ ջանք ու աշխատանք գործադրվի. մեր խոսքը ընդհանուր պատճառների մասին չէ, որոնք շատ ավելի պարզ գիտակցության կարիք ունեն...

Մեր կողմից խորհուրդ ենք տալիս թարգմանիչներին, եթե նրանք ցանկանում են, հարազատ, մայրենի լեզվով ու ոգով գրքեր տալ մանուկի ձեռքը, որ ուշադիր լինեն դեպի մեր լեզուն։ Եթե իրանց ստացած դաստիարակությունն ու կրթությունը խորթացրել է նրանց սիրտն ու զգացմունքը, այդ դեռ չի նշանակում, որ իրողությունը պիտի սկզբունք դառնա, այդ դեռ չի նշանակում՝ քանի որ այդպես է, ուրեմն այդպես էլ պիտի լինի։ Մենք ունենք «Հայ ժողովրդական հեքիաթները» Տիգ. Նավասարդյանի, ունենք «Վերք Հայաստանի», «Սոս և Վարդիթեր», Աղայանցի և Քամալ. գրվածները, այդ գրքերը պիտի կարդալ ու կարդալ, անգիր անել, ականջը վարժեցնել մայրենի լեզվին, ուղեղը վարժեցնել հայերեն մտածելուն և ձեռքը՝ հայերեն արտահայտելուն։ Ով զբաղվել է մեր կենդանի ժողովրդական լեզվով, ով լավ ծանոթ է մեր ասած երկերի հետ, նա նկատած կլինի, որ մենք ուրույն ազգ լինելով՝ ուրույն մտածելու, զգալու եղանակ ունենք և ուրույն արտահայտության ձևեր։ Ցավը դարմանելու համար մեր առաջարկածը մի սպեղանի կարող է լինել, նա պահանջում է միայն բժշկվելու անկեղծ ցանկություն և նրան հասնելու ջանք ու տոկ։ Հակառակ դեպքում ծանր պատասխանատվություն են վերցնում իրանց վրա մանկական գրականության գործիչները, որովհետև սեփական ժողովրդի ոգին չունենալով՝ չեն էլ կարող այդ ոգին ներշնչել մատաղ սերունդին և կրթել նրան հարազատ կաթով. և պատճառ են դառնում կրթվող սերունդի բաժանվելուն, կտրվելուն իր սեփական ժողովրդից, որ նշանակում է, թե կղզիացնում և անարմատ են դարձնում նրան։ Ով լսելու ականջ ունի՝ թող լսի...

Կ. Տիրուհի Կոստանյանի լեզուն այդ տեսակ անհարազատ լեզու է։ Չգիտենք կարդացողները նկատել են, բայց մենք կբերենք մի քանի օրինակ՝ ավելին թողնելով նրան, ով հետաքրքրվում է։ - Որտեղ գրված էր, որ (թե) ինքն այժմ ավագ զինվորի աստիճան է ստացել։ –Իսկ այն